2015 թվականի հունվարից Հայաստանում «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվել է շուրջ 1.5մլն սկրինինգային հետազոտություն: Ընդ որում, շուրջ 675 հազար քաղաքացի անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ, շուրջ 444 հազար քաղաքացի` արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն, ՊԱՊ թեստի հետազոտություն իրականացվել է շուրջ 165 հազար կանանց մոտ, ինչպես նաեւ հղիության 36-38 շաբաթական ժամկետում` շուրջ  43 հազար մեզի եւ արյան երրորդ հետազոտություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

ՀՀ Առողջապահության նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակն այն իրականացվում է «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակում ` Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ դրամաշնորհով։

Անվճար սկրինինգային հետազոտությունները մինչ օրս իրականացվում են Հայաստանի ամբողջ տարածքում,  տեղամասային պոլիկլինիկաներում եւ գյուղական ամբուլատորիաներում: 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվել զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, իսկ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք` ՊԱՊ թեստի հետազոտության միջոցով արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով:

Համաշխարհային բանկի կողմից հաստատված, միջազգային եւ հատկապես զարգացած երկրների մոտեցումներին համահունչ այս ծրագրով, ի սկզբանե, նպատակ է դրվել 2015-2018թթ. ընթացքում  ընդգրկել  բնակչության խոցելի խմբերի 50-60 տոկոսը։

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է ռիսկային խմբերում գտնվող բնակչությանը եւ հատկապես` կանանց, գնահատել սեփական առողջությունը, օգտվել ընձեռված հնարավորությունից, այցելել պոլիկլինիկաներ եւ անվճար հետազոտվել։

Հ.Գ. «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակում մշակվել են «Ոչ վարակիչ հիվանդությունների կառավարում եւ բուժում» եւ «Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերում, վարում եւ քաղցկեցի կանխարգելում» ուղեցույցները, որոնք տրամադրվել են առողջության առաջնային պահպանման բոլոր բուժհաստատություններին։

Երեւանում եւ հանրապետության բոլոր մարզերում վերապատրաստվել է շուրջ 2700 բուժաշխատող` ընտանեկան բժիշկներ, թերապեւտներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, բջջաբաններ եւ 900 ադմինիստրատիվ անձնակազմ։

Ծրագիրն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ՊԱՊ թեստի հետազոտությունները կենտրոնացված ձեւով իրականացվում են հանրապետության 37 լաբորատորիաներում, որոնք հագեցվել են անհրաժեշտ սարքավորումներով եւ պարագաներով։