Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է առաջին անգամ խաղային կախվածությունը ներառել Հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ) հոգեկան խանգարումների ցանկի մեջ: Այս մասին հայտնում է բրիտանական New Scientist գիտական ամսագիրը:

ԱՀԿ-ն հիվանդությունների ցանկը չի վերանայել 1990 թվականից, սակայն 2018 թվականին կազմակերպությունը կհրապարակի ՀՄԴ-11 (ICD-11) փաստաթղթի նոր տարբերակը: Այն, թե ինչ վերջնական ձեւակերպմամբ է խաղային կախվածությունը ցանկում լինելու, դեռեւս պետք է հստակեցվի: ՀՄԴ նախնական տարբերակների համաձայն՝ մարդու մոտ խանգարում կախտորոշվի, եթե նա համակարգչային խաղերին հարաճուն առաջնայնություն է տալիս՝ «այնպիսի, որ խաղերը նախընտրում է մյուս կենսականորեն կարեւոր հետաքրքրություններից»: Ըստ որում՝ նման անառողջ վարքը պետք է տեւի նվազագույնը մեկ տարի, մինչեւ ախտորոշման հաստատումը:

«Առողջապահության ոլորտի մասնագետները պետք է ընդունեն, որ խաղային կախվածությունը կարող է առողջության համար լուրջ հետեւանքներ ունենալ»,- ասել է ԱՀԿ մասնագետ Վլադիմիր Պոզնյակը: «Մարդկանց մեծամասնության մոտ, որոնք համակարգչային խաղեր են խաղում, ոչ մի խանգարում չկա, ինչպես այն չկա նաեւ մարդկանց մեծամասնության մոտ, ովքեր ալկոհոլ են օգտագործում: Սակայն որոշ դեպքերում չարաշահումը կարող է անցանկալի հետեւանքների բերել»,- պարզաբանել է նա: