Սրտաբան Հերմինե Պողոսյանի պնդմամբ՝ որոշ ալկոհոլային խմիչքներ կարող են առիթմիա (սրտի ռիթմի պոտենցիալ վտանգավոր խախտում) առաջացնել: Ահա թե ինչու է մարդկանց, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններից կամ ռիսկի խմբի մեջ են, խորհուրդ տրվում առաջիկա տոների ընթացքում զգուշություն ցուցաբերել:
Ըստ մասնագետի՝ սրտի ռիթմի վրա, առաջին հերթին, կարող են ազդել գունավոր ալկոհոլային խմիչքները, օրինակ՝ գինին կամ կոնյակը, որոնք, մեծամասնության կարծիքով, բոլորովին անվնաս են եւ անգամ օգտակար առողջության համար: Ամբողջ խնդիրը դրանց մեջ պարունակվող նյութերի մեջ է, որոնք մի կողմից կարող են իսկապես օգտակար լինել առողջության համար, իսկ մյուս կողմից կարող են ազդել սրտի ռիթմի վրա: Հետաքրքիր է, որ այդ նյութերը պարունակվում են նաեւ մի շարք այլ արտադրանքներում, օրինակ՝ սուրճի եւ կոլայի մեջ, որոնք որոշակի հանգամանքներում եւս կարող են հանգեցնել առիթմիայի զարգացմանը: Հետաքրքիր է, որ առիթմիայի համար մարդուն ամենեւին էլ հարկավոր չէ շատ խմել. երբեմն ալկոհոլի փոքր քանակությունն էլ կարող է ազդել սրտի ռիթմի վրա:
Եթե մարդն անցյալում արդեն ունեցել է առիթմիայի դրսեւորման դեպքեր, սրտաբանը խորհուրդ է տալիս չափազանց զգույշ լինել ալկոհոլային խմիչքների հետ՝ հատկապես ամանորյա տոների ժամանակ, երբ մարդիկ սովորականից ավելի շատ են խմում: Իսկ եթե սրտի հետ կապված խնդիրներ չունեցող մարդու սրտի ռիթմը ալկոհոլից հետո հանկարծակի փոխվում է, խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ եւ չսպասել, որ այն «ինքն իրեն կանցնի»:






