Դեկտեմբերի 23-ին կայացած «Դիմածնոտային եւ բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» տարեկան հանդիպմանը համագործակցության հուշագիր է ստորագրվել «Առողջապահության զարգացման և հետազոտման կենտրոն» հասարակական կազմակերպության հետ:

Ինչպես հայտնել է ՀԿ-ի նախագահ Ինեսսա Չիլինգարյանը, համագործակցության առաջին քայլը կլինի ասոցիացիայի մասնակցությունը «Առողջապահության զարգացման և հետազոտման կենտրոն» ՀԿ-ի՝ հանրային առողջության խնդիրներին նվիրված առաջին տարեկան գիտաաժողովին, որը տեղի կունենա 2018 թվականի մայիսի 25-26-ը Երեւանում: Գիտաժողովի բաժիններից մեկը, ըստ Չիլինգարյանի, կնվիրվի դիմածնոտային եւ բերանի խոռոչի վիրաբուժության խնդիրներին:

Տարեկան ժողովի ընթացքում ներկայացվեց նաեւ ասոցիացիայի թարմացված վեբ-կայքը՝ http://www.aamfos.am/: Կայքը պարունակում է տեղեկատվություն Ասոցիացիայի գործունեության եւ անդամների մասին, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս դիմել բժիշկներին առցանց ռեժիմով: Ասոցիացիայի նախագահ Աննա Պողոսյանի խոսքով՝ թարմացված կայքը նաեւ անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու հնարավորություն կընձեռնի:

Նա նշել է, որ հիվանդների եւ բժիշկների հարաբերություններում առկա իրավական հարցերը շատ կարեւոր են: Ասոցիացիայի նախագահի խոսքերով՝ դիմածնոտային վիրաբույժների պրակտիկայում երկու տեսակի խնդիրներ են հանդիպում: Էսթետիկ վիրաբուժության ոլորտում եթե հիվանդը դժգոհ է արտաքին տեսքից, դա կարող է սուբյեկտիվ գնահատական լինել, ինչպես նաեւ՝ դիսմորֆոֆոբիա կոչվող պաթոլոգիայի դրսեւորում: Մնացած դեպքերում պատահում է, որ հիվանդը սխալ է գնահատում իր առողջական վիճակը եւ բժշկության հնարավորությունները: «Իսկ այդ դեպքերում, եթե բժիշկը սպասված հրաշքը չի գործել, խնդիրներ են ծագում»,- ասել է Աննա Պողոսյանը:

Դիմածնոտային վիրաբույժ Արմեն Պողոսյանը նշել է, որ իր ղեկավարած մեկ այլ հասարակական կազմակերպությունը՝ «Դոկտորս Յունիոն»-ը, որը հիմնականում բարեգործությամբ է զբաղվում, զբաղվում է նաեւ բժիշկների իրավական պաշտպանությամբ եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցել վիրաբույժներին: