Բուրյաթիայի բնակչուհու ստամոքսից հեռացրել են 150 մեխ, պտուտակագամ, մանեկ եւ հեղույս: Ըստ որում, ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», 74-ամյա հիվանդը փորի ցավերից չի բողոքել եւ ոչ մի անհարմարություն չի զգացել: Նրան գյուղից հիվանդանոց են բերել միանգամայն այլ պատճառով. կինը կաթված էր ստացել: Երբ բժիշկներին հաջողվել է նրան ծանր վիճակից դուրս բերել, բարձրացել է թոշակառուի ջերմությունը: Բժիշկները սկսել են պարզել պատճառը եւ որոշել են ստուգել մարսողական համակարգը:

Էնդոսկոպիկ զննմամբ պարզվել է, որ կոկորդն ու կերակրափողը կատարյալ վիճակում են, եւ բժիշկը շարունակել է զննումը՝ հասնելով ստամոքսին, որտեղ նրան սպասում էր զարմանալի եւ միանգամայն անսպասելի պատկեր: Ստամոքսի կերակրախյուսում (ստամոքսում պարունակվող հեղուկ, որը կազմված է մասամբ մարսված սնունդից, ստամոքսահյութից եւ աղեհյութից, գեղձազատուկից, լեղիից) ահռելի քանակությամբ օտար մարմիններ կային, հայտնում է «Բայկալ դեյլին»:

Մանրակրկիտ զննմամբ հայտնաբերվել են մեխեր, պտուտակագամեր, հեղույսներ: Բժիշկը փորձել էնդոսկոպով հեռացնել, հաջողվել է դուրս քաշել 4 մեխ, սակայն բժիշկն այլեւս ռիսկի չի դիմել եւ վիրաբույժներին շտապ խորհրդակցության է հրավիել:

«Օպերատիվորեն ռենտգեն արվեց,- ԿՊ-ին պատմել է թարախային վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Բուլատ Շոբոլովը եւ կրծքային բաժանմունքի վիրաբույժ Չինգիս  Բատուեւը: - Ստամոքսի մեջ հսկայական օտար օբյեկտ տեսանք: Ստամոքսի պատերը ծակվելու վտանգ կար: Կնոջը փրկելու համար շտապ վիրահատություն էր պահանջվում: Արդյունքում հեռացրեցինք երկար մեխեր, խոշոր պտուտակագամեր, մանեկներ, հեղույսներ, դռան մղլակներ, մինչեւ 15 սմ երկարությամբ արմատուրայի կտորներ եւ նույնիսկ 925 հարգի արծաթե շղթա՝ ընդհանուր 152 երկաթե առարկա»:

Թե որքան ժամանակ էին այս իրերը մնացել նրա մարմնում՝ ոչ մեկին հայտնի չէ: Նա տարած կաթվածից հետո խոսելու ունակությունը մասամբ կորցրել է: Ազգականներն ասում են, որ կնոջ համային նախապատվություններին անտեղյակ էին: Միայն հայտնի է, որ հիվանդը հոգեկան խանգարմամբ է տառապում: