ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված պալիատիվ խնամքի զարգացման աշխատանքային խումբը մի շարք քայլեր է ձեռնարկել ծառայության ներդրման ուղղությամբ։
Մշակվել եւ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման չափորոշիչը, մշակվել են պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակում ցավի կառավարման մեթոդական ցուցումները։
Փոփոխություններ են կատարվել ոլորտը կարգավորող օրենքներում եւ ենթաօրենսդրական փաստաթղթերում։ Պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման զարգացման ռազմավարութունն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։
Պալիատիվ խնամքը ներառվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ տուբերկուլոզի կառավարման ազգային ռազմավարություններում: Միաժամանակ, պալիատիվ խնամքի կրթական ծրագրերը մշակվել եւ ներդրվել են բարձրագույն բժշկական կրթության հաստատություններում։
Պալիատիվ խնամքի ներդրման եւ զարգացմանն ուղղված միջոցառումների թվում կարելի է հիշատակել նաեւ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրս գրման ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 9-ի N 1402 -Ն որոշմամբ հաստատված նոր կարգը, ինչը բխում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից։
Որոշման համաձայն` 2018թ. գարնանից այդ դեղերը կարող են դուրս գրել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընտանեկան բժիշկները, ինչպես նաեւ պացիենտին բուժող բժիշկները` անկախ մասնագիտությունից: Հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման դեպքում պացիենտները թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր ստանում են տվյալ բժշկական հաստատությունում` պացիենտի հիվանդության պատմագրում բժշկի կողմից կատարված գրառման հիման վրա:
Պալիատիվ (ամոքիչ) խնամքի կարիք ունեցողների կյանքի վերջին հատվածը հնարավորինս անցավ եւ հարմարավետ դարձնելու նպատակով 2018 թվականին Հայաստանում առողջության առաջնային պահպանման օղակում կներդրվի պալիատիվ բժշկության ծառայությունը։ Սկզբնական շրջանում ծառայությունը կմատուցվի վճարովի հիմունքներով, քանի որ պետական բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն։ Նման ծառայություն կկազմակերպվի նաեւ Արցախում։
Պալիատիվ բժշկության ծառայություններում պատշաճ բժշկական օգնություն եւ սպասարկում ապահովելու նպատակով «Ավա-մեդ» խնամքի եւ պալիատիվ բժշկության կենտրոնում սկսվել է Երեւանի եւ մարզերի առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների եւ բուժքույրերի ուսուցումը։
Նշենք, որ ազգային կարիքների գնահատմամբ Հայաստանում տարեկան ավելի քան 18 000 մարդ պալիատիվ խնամքի կարիք ունի։






