Այն բժիշկների համար, որոնք 2018-ին պետք է վերապատրաստման դասընթացներ անցնեն, դասընթացի տեւողությունը կարող է կրճատվել երկու տարվա ընթացքում կուտակած շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներին համապատասխան: Հետեւաբար, վերապատրաստման համար նրանք ավելի քիչ են վճարելու: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրեցին Առողջապահության նախարարությունից՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է լինելու այն բժիկների երկու տարվա ընթացքում կուտակած կրեդիտներ հետ, ում հավաստագրման 5-ամյա ժամկետն ավարտվել է: 

Ինչ վերաբերում է որակավորման բարձրացման դասընթացների բարձր արժողությանը, ԵՊԲՀ-ից NEWS.am Medicine-ին տեղեկացրցեին, որ Հայաստանում բժիշկների վերապատրաստումը ոչ միայն վճարովի հիմունքով է իրականացվում, այլ նաեւ պետպատվերով:

ԵՊԲՀ-ի պատասխանում ասվում է.

«1, Տեղեկացնենք, որ կատարելագործման դասընթացի 1-շաբաթյա արժեքը տատանվում է 15000-25000 դրամի շրջակայքում, ինչի հիմքն է հանդիսացել կլինիկական օրդինատուրայի վարձի չափը։

2, Պետական բյուջեից յուրաքանչյուր տարի լինում է հատկացումներ՝ պետական պատվերի շրջանակում կատարելագործման դասընթացների հետ կապված։

Նախօրոք պատկան մարմինները ՀՀ Կրթության եւ գիտությաննախարարության հայտ ներկայացնելու արդյունքում համապատասխան ուղեգրման հիմքով ավագ եւ միջին բուժաշխատողները կարող են կատարելագործվեն պետական պատվերի շրջանակում։

Փաստենք նաեւ, որ բացի դրանից ԵՊԲՀ-ի ռեկտորի հրամանով հստակ ամրագրված են դասակարգեր, ովքեր համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում կվերապատրաստվեն պետական պատվերի շրջանակում։»

Հիշեցնենք, որ դեկտեմբերին սկզբին NEWS.am Medicine-ին դիմել էին Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկները, որոնց իրազեկել էին, որ 2018 թվականի հունվարից պետք է Երեւանում որակավորման բարձրացման դասընթացներ անցնեն, իսկ 7 շաբաթ տեւող դասընթացն արժե 105 հազար դրամ: NEWS.am Medicine-ի հետ զրույցում բժիշկներն ասել էին, որ դա իրենց համար հսկայական գումար է, ինչպես նաեւ չգիտեին, թե ինչ է լինելու երկու տարվա ընթացքում իրենց կուտակած ՇՄԶ կրեդիտների հետ:

Հիշեցնենք, որ 2016 թվականից, «Բժշկական օգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, Հայաստանում ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգը. սեմինարներին եւ գիտաժողովներին, օնլայն դասընթացներին մասնակցելը, ինչպես նաեւ գիտական հրապարակումները եւ ատենախոսությունների պաշտպանությունը բժիշկներին ՇՄԶ կրեդիտներ է ապահովում, եւ 5 տարվա ընթացքում 220 կրեդիտ հավաքելու դեպքում նրանք ավտոմատ հավաստագրում են ստանում: 5-ամյա ցիկլի տրամաբանության համաձայն՝ կրեդիտային համակարգն ամբողջությմաբ կսկի գործել միայն 2021-ից: