«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ ԲՀ) նախորդ շաբաթ միջոցների հայթայթման վերաբերյալ վերապատրաստման դասընթաց է անցկացրել, որին մասնակցել են 12 բժշկական ասոցիացիայի շուրջ 40 ներկայացուցիչ:

Երկօրյա աշխատանքների ընթացքում մասնակիցները ծանոթացան միջոցների հայթայթման սկզբունքներին, անդրադարձան դրամաշնորհների եւ այլ ծրագրերի կողմից տրվող հնարավորություններին, քննարկեցին սոցիալական ձեռնարկատիրության սկզբունքները, քարտեզագրեցին միջոցների հայթայթման քայլերը: Դասախոսությունները, քննարկումները եւ խաղ-վարժությունները մասնակիցներին օգնեցին ձեռքբերած գիտելիքներով նոր գաղափարներ զարգացնել եւ դրանք քննարկել խմբերում:

Արդեն մի քանի տարի է՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ ԲՀ) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող եւ Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» շրջանակներում ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում բժշկական ասոցիացիաների եւ առողջապահական կազմակերպությունների կարողությունների զարգացման եւ վերապատրաստումների բնագավառում:

Դասընթացը շարունակությունն էր բժշկական ասոցիացիաների համար նախկինում իրականացված աշխատանքների: Մասնավորապես, կազմակերպվել էին դասընթացներ ֆինանսների կառավարման, հանրային կապերի, շահերի պաշտպանության թեմաներով, իրականացվել էր մի քանի մասնագիտական բժշկական կազմակերպության գնահատում, թույլ եւ ուժեղ կողմերի վերհանում: