Հայերի 19 տոկոսը կարծում է, որ մարդու արտաքինից կարելի է հասկանալ՝ նա ՄԻԱՎ-ով վարակված է, թե չէ: Այդ մասին վկայում է 950 ընթերցողների շրջանում  NEWS.am Medicine-ի անցկացրած հարցումը:

Այսպես՝ հարցվածների 9 տոկոսը (84 մարդ) վստահ է, որ ՄԻԱՎ վարակ ունեցվող մարդը հոգնածություն է զգում եւ անընդհատ քնելու ցանկություն ունենում: Հարցվածների 6 տոկոսը (55 մարդ) վստահ է, որ ՄԻԱՎ ունեցող մարդու մարմնի վրա արագ կապտուկներ են առաջանում:

3 տոկոսը (27 մարդ) կարծում է, որ եթե մարդն ունի ՄԻԱՎ, ապա դա կարելի է նրա արտաքինից տեսնել, իսկ 1 տոկոսի (10 մարդ) կարծիքով ՄԻԱՎ ունեցող մարդկանց մազերն ավելկի շուտ են սպիտակում, քան մյուսներինը:

Բարեբախտաբար հարցվածների մեծ մասը՝ 81 տոկոսը (774 մարդ), գիտի, որ ՄԻԱՎ առկայության մասին կարելի է իմանալ միայն համապատասխան անալիզներ հանձնելով:

Իրականում ՄԻԱՎ-ը կարելի է հայտնաբերել հատուկ անալիզի միջոցով, որը մարդու արյան մեջ վիրուսի հակամարմիններ է գտնում: Մյուս անալիզները (օրինակ՝ արյան ընդհանուր անալիզ), տարածված կարծիքին հակառակ, չեն կարող հայտնաբերել ՄԻԱՎ-ը: Ավելին՝ բազմաթիվ ամիսների, անգամ տարիների ընթացքում, վարակվելուց հետո  հիվանդի մոտ ոչ մի ախտանշան կարող է չլինել եւ օրգանիզմում վիրուսի առկայությունը չի ազդի նրա արտաքինի եւ անգամ ինքնազգացողության վրա:

Նշենք, որ նոյեմբերի վերջի տվյալներով՝ 2017-ին Հայաստանում ՄԻԱՎ վարակի 315 նոր դեպք է գրանցվել: Երկրում ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը մոտ 3300 է, բայց նրանց մոտ կեսը չգիտի, որ վարակված է:

Քանի որ Հայաստանում կանխարգելիչ հետազոտությունները դեռ այդքան տարածված չեն, դեպքերի գրեթե կեսի դեպքում ՄԻԱՎ վարակը հիվանդների մոտ ուշ է հայտանբերվում: Հիմնականում այդ հիվանդները բժշկի են դիմում այլ գանգատներով եւ հետազոտությունների ընթացքում հայտնաբերվում է նաեւ ՄԻԱՎ վարակը: