Դիսբակտերիոզ հիվանդություն գոյություն չունի, հաճախ այդ ախտորոշման տակ թաքնված են լինում այլ հիվանդություններ, որոնք այդպես էլ չեն ախտորոշվում, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Նանա Մալխասյանը:

«Դիսբակտերիոզն աղիների միկրոֆլորայի շեղում է, որի մասին մենք ախտորոշման արդյունքում շատ թերի տեղեկատվություն ենք ստանում: Աղիներում մեծ քանակությամբ առպատային ու լուսանցքային մանրէներ են ապրում, որոնք որոշակի կազմ ունեն: Առպատային միկրոֆլորան առավել լուրջ դերակատարում ունի մարդու օրգանիզմում, քան լուսանցքային միկրոֆլորան, որը ավելի փոփոխական է՝ կախված մարդու սննդից եւ այլ գործոններից»,- նշում է մասնագետն ու հավելում, որ այսօր Հայաստանում, ցավոք, որեւէ հետազոտություն գոյություն չունի, որը լիարժեք տեղեկատվություն կտա աղիների միկրոֆլորայի մասին: Ըստ նրա՝ դիսբակտերիոզի համար արվող  հետազոտությունների արդյունքում աղիների միկրոֆլորայի կազմի վերաբերյալ չնչին՝ մոտ 2-3 տոկոս տեղեկատվություն է ստացվում, ընդ որում ստացված տվյալները միայն լուսանցքային միկրոֆլորայի են վերաբերում:

«Քանի որ աղիներում անօդ միջավայր է, իսկ դրսում այդպես չէ, կղանքի հետազոտություն հանձնելու ժամանակ արդեն այդ կազմը շեղվում է եւ հնարավոր չէ այդ պարագայում ճիշտ հետազոտություն իրականացնել: Այժմ եվրոպական ու ամերիկյան շատ երկրներում աշխատում են միջոցներ գտնել, թե ինչպես կարելի է հանձնել կղանքի անալիզը՝ առանց շեղելու դրանց կազմը»,- նշում է գաստրոէնտերոլոգ Մալխասյանը եւ ընդգծում, որ սովորական դիսբակտերիոզի հետազոտությունն այդ շեղումները չի հայտնաբերում եւ այն դառնում է անիմաստ:

«Հաճախ դիսբակտերիոզ ախտորոշման տակ քողարկված են լինում այլ հիվանդություններ, որոնք այդպես էլ չեն հայտնաբերվում, քանի որ հաստատվել է այդ ախտորոշումը», - ասում է նա: 

Նանա Մալխասյանն ընդգծում է, որ հակաբիոտիկների ընդունումից հետո աղիների խախտված միկրոֆլորան կարող է ինքնուրույն վերականգնվել. «Առողջ մարդու մոտ հակաբիոտիկների ազդեցության արդյունքում առաջացած փորլուծությունը կամ փորկապությունը ինքնակարգավորվող երեւույթներ են եւ առողջ աղիները ընդունակ են ինքնուրույն վերականգնել այդ շեղումները. ավելորդ միջամտությունների կարիք հազվադեպ է լինում»: Մասնագետը նշում է, որ անհրաժեշտ է հայտնաբերել խնդիրների բուն պատճառը, որպեսզի դրանք դիսբակտերիոզ ախտորոշման տակ թաքնված չմնան:

Նանա Մալխասյանի կարծիքով՝ փորլուծության, փորկապության եւ այլ խնդիրների դեպքում անհրաժեշտ է, որ գաստրոէնտերոլոգն անհատական մոտեցում ցուցաբերի յուրաքանչյուր պացիենտին ու մանրակրկիտ հետազոտություն իրականացնի՝ դիսբակտերիոզ կոչված ախտորոշման ներքո ծանր հիվանդությունների քողարկումը բացառելու համար: