Անցյալ տարի բշկության աշխարհում մեծ թվով կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել՝ 24-ամյա սաղմից երեխայի ծնունդից մինչեւ նոր օրգանի հայտնաբերում: NEWS.am Medicine-ի խմբագրությունը ձեր ուշադրությանն է ներկայացնում  2017 թվականի մի քանի հետաքրքիր հայտնագործություններ եւ իրադարձություններ:

CRISPR-ի օգնությամբ մարդու օրգանիզմում գեները խմբագրվել են

2017 թվականի հունիսի 1-ին առաջին անգամ մարդու մարմնում կիրառվել է գենային խմբագրման CRISPR տեխնոլոգիան, որի նպատակն էր 60 կանանց մոտ մարդու պապիլոմայի վիրուսը (ՄՊՎ) հեռացնելը գելի կիրառմամբ, որը պարունակում էր ԴՆԹ-ի անհրաժեշտ կոդավորում արգանդի վզիկի համար՝ ուռուցքի աճի մեխանիզմն անջատելու համար:

Գիտնականները «խմբագրել» են մարդկային սաղմը

2017 թվականի հուլիսի 27-ին ԱՄՆ Օրեգոնի նահանգի Պորտլենդ քաղաքում գիտնականները CRISPR տեխնոլոգիայի միջոցով մարդկային սաղմից հաջողությամբ գեն են առանձնացրել, որը կապված է սրտի հիվանդությունների հետ: Սա մարդկային սաղմերի խմբագրման առաջին հայտնի փորձն է:

Կինը երեխա է ունեցել 24-ամյա սաղմից

Բրիտանուհի Թինա Գիբսոնը երեխա է ունեցել 24 տարի առաջ սառեցրած սաղմից: Ներկայումս սա համարվում է բեղմնավորման եւ ծննդաբերության իջեւ ամենամեծ ժամանակահատվածը:

ԱՄՆ-ից զույգը դոնորական սաղմը նվիրաբերել էր 1992 թվականին, երբ ինքը Թինան ընդամենը 1 տարեկան էր: Հղիանալու հետ կապված խնդիրների բախվելով՝ Թինան եւ նրա ամուսինը դիմել են սաղմերի նվիրաբերման ազգային կենտրոն, եւ ընթացիկ տարվա մարտին Թինային 24-ամյա սաղմ են փոխպատվաստել, իսկ նոյեմբերին նա առողջ աղջիկ է ունեցել, ում Էմմա են անվանակոչել:

Գիտնականները նոր օրգան են գտել

Միջընդերքը (մարդու մարսողական համակարգի օրգան, որի միջոցով որովայնային խոռոչի սնամեջ օրգանները կպչում են փորի հետին պատին) իրականում ոչ թե մի քանի առանձնացված հատվածներից է կազմված, այլ մեկ ամբողջական օրգան է: Այսպես է պնդում Լիմերիկի համալսարանի (Իռլանդիա) վիրաբուժության պրոֆեսոր Քելվին Քոֆֆին: Նրա կարծիքով՝ միջընդերքի պաթոլոգիաների ուսումնասիրությունը պետք դառնա բժշկական աշխատանքների առանձին դաշտ: Միջընդերքի նոր դասակարգումը արդեն ավելացվել է հեղինակավոր գրքերից մեկում՝ «Գրեյի անատոմիայում»:

Բժշկության Նոբելյան մրցանակ է շնորհվել «ցիրկադային ռիթմերը կառավարող մոլեկուլյար մեխանիզմների հայտնագործության համար»

2017 թվականի հոկտեմբերի 2-ին Նոբելյան կոմիտեն ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում մրցանակը շնորհեց Ջեֆրի Հոլին, Մայքլ Ռոսբաշին եւ Մայքլ Յանգին մոլեկուլյար մեխանիզմների հայտնագործության համար, որոնք կառավարում են ցերեկվա եւ գիշերվա հերթագայության հետ կապված կենսաբանական պրոցեսների ռիթմերը:

Ցիրկադային ռիթմեր են կոչվում տարբեր կենսաբանական պրոցեսների տատանումները, որոնք կապված են ցերեկվա եւ գիշերվա հերթագայության հետ: Որպես մոդելային օրգանիզմ օգտագործելով ճանճերին՝ գիտնականները կարողացել են որոշել գեները, որոնք կառավարում են նորմալ ցերեկային կենսաբանական ռիթմը: Նրանք ցույց են տվել, որ այս գենը կոդավորում է սպիտակուցը, որը բջջում է կուտակվում գիշերվա ընթացքում, իսկ ցերեկը քայքայվում է:

Նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս նոր օրաններ աճեցնել

Վերականգնողական բժշկության Wake Forest ինստիտուտը աշխատում է մարդկային օրգաններ եւ հյուսվածքներ աճեցնելու նախագծի վրա: Այս ինստիտուտի մասնագետների հայտնագործությունները ապագայում կարող են օգնել վերականգնել վնասված նյարդերը եւ նույնիսկ ամբողջական վերջույթներ եւ ներքին օրգաններ աճեցնել:

Գիտությունը մեկ քայլով մոտեցել է գլխի փոխպատվաստման անցկացմանը

Արդեն բավականին վաղուց են խոսում գլխի փոխպատվաստման մասին, սակայն ընթացիկ տարվա նոյեմբերին նեյրովիրաբույժ Սերջիո Կանավերոն հայտարարեց, որ Չինաստանում վիրահատություն են կատարել, որի ժամանակ մի դիակի ողնաշարը, գլխի նյարդերը եւ արյունատար անոթները միացրել են մեկ ուրիշի մարմնին: Կանավերոն վիրահատությա հաջողության ապացույց է համարում նյարդերի էլեկտրական խթանման արդյունքները:

Հաջորդ քայլը կդառնա դոնորի գլխի փոխպատվաստումը: Սակայն թե երբ հնարավոր կլինի ողջ մարդու վրա նման փոխպատվաստումը՝ դեռեւս հայտնի չէ: