Հապալասի հյութն արդյունավետ միջոց է համարվում արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարելու համար, պարզվել է Միսսուրիի համալսարանի նոր հետազոտությամբ:

Գիտնականները փորձ են անցկացրել արգանդի վզիկի քաղցկեղի բջիջներով: Նրանք այդ բջիջները 4 խմբի են բաժանել: Առաջինի դեմ կիրառել են միայն ճառագայթային թերապիա, երկրորդի դեմ՝ միայն հապալասի հյութ, երրորդի՝ հապալասի հյութի եւ ճառագայթային թերապիայի զուգակցություն, իսկ չորրորդ խումբը՝ ստուգիչ էր:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ճառագայթային թերապիայի հետեւանքով քաղցկեղային բջիջների քանակությունը նվազել է 20 տոկոսով, իսկ հապալասի հյութի շնորհիվ՝ 25 տոկոսով: Սակայն ամենաներգործունը եղել է ճառագայթային թերապիայի եւ հապալասի հյութի զուգակցությունը: Այն ոչնչացրել է քաղցկեղային բջիջների մոտ 70 տոկոսը, հայտնում է The Deccan Chronicle-ը:

Գիտնականների խոսքով՝ հապալասը ռադիոսենսիբիլիզատոր է: Այն քաղցկեղային բջիջներին ճառագայթային թերապիայի նկատմամբ ավելի զգայուն է դարձնում: Ըստ ամենայնի՝ գաղտնիքը ռեսվերատրոլի եւ ֆլավոնոիդների մեջ է, որոնք պարունակվում են հապալասի մեջ: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ռեսվերատրոլը, որով հարուստ է նաեւ կարմիր խաղողը, մեծացնում է շագանակագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետությունը: