Գերդոն ինստիտուտի գիտնական Ազիմ Սուրանիի թիմը եւս մեկ քայլ է արել լաբորատորիայում ցողունային բջիջներից սերմնաբջջի ստեղծման ուղղությամբ: Գիտնականները այս հեղափոխական խնդրի լուծման «կես ճանապարհն» արդեն անցել են, սակայն ինքը՝ գիտնականը, թույլ է տալիս այն միտքը, որ վերջնական արդյունքին պետք է եւս 10 տարի սպասել: Թեեւ, արդեն ակնհայտ է, որ անպտղության բուժման մեջ շուտով արմատական փոփոխություն կգրանցվի:

Եւ՛ տղամարդկանց, եւ՛ կանանց սեռական բջիջները ձեւավորվում են առաջնայիններից՝ գոնոցիտներից: Նրանց զարգացումը` գամետոգենեզը, մի որոշ ժամանակ մեկ ճանապարհով է անցնում, որի ընթացքում տեղի է ունենում մեյոզը, եւ բջիջում մնում է քրոմոսոմների կեսը: Այնուհետեւ բջիջները «մասնագիտացում» են ստանում՝ վերածվելով կա՛մ սերմնաբջիջների, կա՛մ ձվաբջիջների:

Մարդու մարմնում ընդհանուր փուլը տեւում է մոտ ութ շաբաթ, եւ այդ ընթացքը լաբորատորիայում ամբողջությամբ վերարտադրել դեռ չէր հաջողվել: Սա չափազանց կարեւոր է ոչ միայն բեղմնավորմանը ունակ բջիջների վերարտադրման համար, այլ նաեւ այն պատճառով, որ այս փուլում առաջացած ցանկացած մուտացիա բեղմնավորման դեպքում կփոխանցվի սերնդեսերունդ:

Նախկինում գիտնականներին հաջողվել էր մկների սերմնաբջիջներ ստանալ լաբորատորիական ճանապարհով: Սակայն, երբ մկանը մարդու գոնոցիտ էր ներարկվել, սերմնաբջիջը բեղմնավորման ունակ չէր եղել:

Սուրանին նշում է, որ անպտղության բուժման մեջ այս հետազոտության արդյունքների գործնական կիրառմանը դեռ շատ կա. կարող են տարիներ պահանջվել: Սակայն նա հույս ունի, որ գիտնականները, քայլ առ քայլ վերարտադրելով սեռական բջիջների զարգացման փուլերը, կկարողանան հասկանալ կյանքի ծագման հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ՝ անպտղության պատճառները: