Լիդսի համալսարանի եւ Լոնդոնի Ուռուցքաբանության ինստիտուտի մասնագետները հայտնաբերել են, որ բնության մեջ հանդիպող վիրուսը կարող է ուղեղի ուռուցքով եւ ուղեղում տարածվող քաղցկեղի այլ ձեւերով հիվանդների իմունոթերապիայի արդյունավետ մեթոդ դառնալ: Գիտնականներին հաջողվել է հաղթահարել ուղեղի ուռուցքի բուժման ժամանակ գլխավոր դժվարությունը. հատուկ կառուցվածք ունեցող վիրուսն անցել է հեմատոէնցեֆալային պատնեշի միջով՝ «շլյուզ», որը ուղեղը պաշտպանում է ախտածիններից:
«Մեր իմունային համակարգը քաղցկեղն այնքան էլ լավ «չի տեսնում»՝ մասամբ այն պատճառով, որ քաղցկեղային բջիջները նման են օրգանիզմի սեփական բջիջներին, մասամբ այն պատճառով, որ քաղցկեղը կարողանում է իմունային բջիջների «աչքերը կապել»: Սակայն իմունային համակարգը լավ է տարբերակում վիրուսները: Մեր հետազոտությամբ կարողացել ենք ցույց տալ, որ ռեովիրուսը կարող է ուղեղում քաղցկեղային բջիջներին վարակել: Եվ սա անչափ կարեւոր է, վարակված բջիջներն իմունային համակարգի համար ավելի տեսանելի են դառնում»,- պարզաբանել է պրոֆեսոր Ալան Մելչերը:
Մինչեւ հիմա քիչ հավանական էր համարվում, որ վիրուսը կկարողանա անցնել հեմատոէնցեֆալային պատնեշի միջով, որը ուղեղն ու արյունն իրարից առանձնացնում է: Սա նշանակում է, որ վիրուսը ուղեղին հասցնելու միակ եղանակը ուղիղ ներարկումն էր, որը վտանգավոր պրոցես է, բոլոր հիվանդներին չէ, որ համապատասխանում է եւ նախատեսված չէ հաճախ կրկնելու համար: Սակայն բրիտանացի գիտնականներն առաջին անգամ ապացուցել են ուղեղ բուժական վիրուսների ներթափանցման հնարավորությունը:
Փորձին մասնակցել է գլիոմայով կամ ուղեղում տարածված քաղցկեղի այլ ձեւերով 9 հիվանդ: Նրանց բոլորին ուռուցքի հեռացման վիրահատությունից մեկ օր առաջ մեկական կաթիլ պատրաստուկ են տվել: Այնուհետեւ կտրված ուռուցքում ստուգել են վիրուսի առկայությունը եւ հայտնաբերել, որ բոլոր 9 նմուշներում երեւում են քաղցկեղային բջիջների վրա վիրուսի ներգործության հետքերը: Ավելին՝ բժիշկները նկատել են, որ ռեովիրուսի առկայությունը խթանել է օրգանիզմի իմունային համակարգը եւ գրավել T բջիջներին, այսպես կոչված՝ «բջջասպաններին», որոնք հարձակվել են ուռուցքի վրա, նշված է Լիդսի համալսարանի կայքում:
Հետազոտողների խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ թերապեւտիկ վիրուսը կարող է թափանցել հեմատոէնցեֆալային պատնեշի միջով: Նման հնարավորությունը իմունոթերապիայի հեռանկարներ է ստեղծում ուղեղի քաղցկեղի ագրեսիվ ձեւերի բուժման մեջ: «Այս հետազոտությունը ցույց տվեց, որ վիրուսը կարող է թափանցել ուղեղի ուռուցքի մեջ եւ ոչ միայն իր թիրախին հասնել, այլեւ խթանել օրգանիզմի սեփական իմունային համակարգը՝ նրան ստիպելով հարձակվել քաղցկեղի վրա»,- ասում է Ադել Սեմսոնը:
Գիտնականների պարզաբանմամբ՝ վիրուսն օգնում է ակտիվացնել ինտերֆերոնների արտադրումը՝ սպիտակուցներ, որոնք իմունիտետը բարձրացնում են: Հայտնի է նաեւ դոզավորումը՝ համակցված թերապիայի համար պահանջվում է կաթիլայինի միջոցով վիրուսի ներարկման 16 գործողություն: Գիտնականների խոսքով՝ նման մեթոդը զգալիորեն թեթեւացնում է ավանդական հակաքաղցկեղային դեղամիջոցներով բուժումը եւ թույլ է տալիս հիվանդությունն արագ հաղթահարել:






