Ամանորյա դեպրեսիան ճնշված վիճակ է, որն ուղեկցվում է տագնապով եւ համընդհանուր տոնակատարությանը մասնակցելու ցանկություն չունենալով: Գիտնականների կարծիքով՝ այս երեւույթը որոշակի պատճառներ ունի:
Ե՞րբ է պետք տագնապի մասին ահազանգել
Մարդկանցից շատերի մոտ ամանորյա մելամաղձոտությունը թեթեւ է ընթանում՝ առանց յուրահատուկ հետեւանքների եւ ինքնաբերաբար վերանում է: Այս պատճառով շատ կարեւոր է բաց չթողնել այն պահը, երբ թեթեւակի տխրությունը եւ չիրականացածի համար ափսոսանքը վերածվում են իսկական ծանր կլինիկական դեպրեսիայի: Դրանից բացի, անհրաժեշտ է իմանալ, թե ամանորյա տոներից հետո ինչն է հատկապես սրում հիվանդությունը, որը կոչվում է սեզոնային աֆեկտային խանգարում: Ի՞նչ ախտանշաններ պետք է ձեր ուշադրությունը գրավեն:
- մշտական ճնշված վիճակ
- ուժերի անկում, որը չի անցնում անգամ համգստանալուց հետո
- գերքնկոտություն (հիպերսոմնիա)՝ գիշերային քնի ավելցուկային երկարատեւության առկայություն, ցերեկային ժամերին չափից ավելի քնկոտության պահեր
- պոլիֆագիայի ախտանշաններ՝ սննդային վարքի խանգարում, որն արտահայտվում է բարձր ախորժակով եւ պաթոլոգիական շատակերությամբ, որի դեպքում անհատը սնունդի տանջող պահանջ է ունենում
- սեռական գրավչության անկում
Եթե ձեզ մոտ կամ մտերիմներից որեւէ մեկի մոտ հայտնաբերել եք թվարկված ախտանշաններից մեկը կամ միանգամից մի քանիսը, անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը:
Ամանորյա դեպրեսիայի պատճառները
Հոգեբանների կարծիքով՝ կարող է լինել ամանորյա դեպրեսիայի մի քանի պատճառ: Տարեվերջին աշխատավայրում շատ գործ է կուտակվում, բոլոր մարդիկ ամփոփում են անցնող տարվա արդյունքները՝ գնահատելով, թե ծրագրածից ինչն է կատարվել, իսկ ինչը՝ ոչ: Ամանորյա տոները նաեւ ֆինանսական բեռ են ՝ անհրաժեշտ է տոնին պատրաստվել, նվերներ գնել, ամանորյա սեղանը կազմակերպել, որի համար շատերը վերջին փողն են ծախսում՝ Ամանորը նշելուց հետո հայտնվելով «խղճուկ» վիճակում:
Հոգեբանները դեպրեսիայի առաջացման կարեւոր պատճառ են համարում նաեւ այն փաստը, որ շատերն Ամանորին «հրաշքի» եւ նկատելի փոփոխությունների են սպասում, բայց երբ տոնից հետո ոչ մի բան չի փոխվում, նրանց մեծ հիասթափություն է պատում: Ամանորյա դեպրեսիայի մեջ իրենց ավանդը կարող են ունենալ նաեւ ամանորյա թեմայով ֆիլմերը: Լավ ավարտով եւ բարու հաղթանակով հեքիաթները անիրատեսական սպասումներ են առաջացնում ոչ միայն երեխաների, այլ նաեւ մեծ թվով մեծահասակների շրջանում: Եվ հաճախ հեքիաթային սյուժեների հետ շրջապատող իրականության համեմատությունը հանդիսատեսին գցում է նոր ապրումների մեջ, որ կանքը շեղված հունով է ընթանում:
Վիճակը կարող է խորացնել ալկոհոլի օգտագործումը, որն, ինչպես հայտնի է, բացասական ապրումները միայն խորացնում է: Դրանից բացի, ոչ այնքան մտերիմ մարդկանց հետ շփումների ավելցուկը, որը հաճախ տեղի է ունենում ամանորյա կորպորատիվների ժամանակ, նույնպես կարող է իր դերակատարումն ունենալ. նման շփումը հյուծում է ուժերը եւ վերացնում տոնական տրամադրությունը:
Ամանորյա դեպրեսիան առավել հաճախ ժամանակավոր երեւույթ է, որն անցնում է, երբ ամանորյա իրարանցումը հետեւում է մնում: Սակայն եթե նկատում եք, որ ուժերի եւ տրամադրության անկումը ժամանակի ընթացքում չի անցնում, իսկ դեպրեսիայի ախտանշանները երկար են ձգվում, անչափ կարեւոր է ժամանակին մասնագիտական օգնության դիմել:






