ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական ու հատուկ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի ղեկավար Լիանա Թորոսյանը կոչ է անում երեխաների հիվանդությունների դեպքում առաջնային օղակը չանտեսել:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ մանկաբույժին կանչելու փոխարեն շատ հայ ծնողներ միանգամից երեխաներին հիվանդանոց են տանում, որով հիվանդանաոցներում մեծ ծանրաբեռնբածություն են ստեղծում, ինչպես նաեւ վտանգի են ենթարկում իրենց երեխային:

«Երբ դուք երեխային ստացիոնար եք տանում, միեւնույն է ընդունարանում պետք է սպասեք եւ այնտեղ հիվանդ երեխաների մեջ գտնվող երեխան, եթե վիրուս չունի, կարող է վարակվել: Այդ պատճառով իմ խնդրանքն ու կոչն է ծնողներին առաջնային օղակը չանտեսել, քանի որ պոլիկլինիկայի մանկաբույժն է հետեւում երեխային եւ ավելի լավ գիտի նրա թույլ եւ ուժեղ կողմերը: Դրանով մենք կթեթեւացնենք ստացիոնարները», - ասել է նա:

Թորոսյանը նաեւ մեծահասակներին է կոչ արել չանտեսել պոլիկլինակաները, որպեսզի հիվանդության բարդացված վիճակով չհայտնվեն ստացիոնարում:

Հիշեցնենք, որ Ամանորի առաջին օրերին Երեւանի մանկական հիվանդանոցները ծանրաբեռնված էին շնչառական վարակներ ունեցող երեխաների հոսքի պատճառով: Միեւնույն ժամանակ, ըստ Լիանա Թորոսյանի, երեխաների միայն 10 տոկոսը հոսպիտալացման կարիք ուներ, մնացածին ամբուլատոր խնամք պետք է տրամադրվեր, ինչն էլ արել են հիվանդանոցի բժիշկները: