Աշխարհի երկրների մեծ մասում  օբսեսիվ-կոմպուլսիվային խանգարմամբ է տառապում բնակչության մոտ 0,4 տոկոսը: Հայաստանում, սակայն, այս խանգարումն ավելի տարածված է. այստեղ այն ախոտորշվում է բնակչության մոտ 0,7 տոկոսի մոտ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

Օբսեսիվ-կոմպուլսիվային խանգարումը հոգեկան խանգարում է, որին հատուկ է կպչուն մտքերի, հիշողությունների, տագնապի եւ պաթոլոգիական վախի (այսպես ասած՝ օբսեսիաներ) հայտնվելը, ինչպես նաեւ հաճախ կրկնվող շարժումներն ու գործողությունները (կոմպուլսիաներ), որոնց խնդիրն է մարդուն հանգստացնելը եւ օբսեսիաները ճնշելը:

Օբսեսիվ-կումպուլսիվային խանգարմամբ շատ հիվանդների հատուկ են աղտոտվելուց վախը (նրանք ձեռքերը շատ հաճախ են լվանում), ամեն տեղ համաչափություն տեսնելու ցանկությունը, սնահավատությունը եւ տագնապալի մտքերը: Ինչպես նշեց Խաչատուր Գասպարյանը, Հայաստանում մեծ թվով հիվանդների հատուկ է  թվերին կառչելը (հեռախոսահամարներ, ավտոմեքենաների համարանիշներ), անընդհատ ինչ-որ բան հաշվելու կամ հաշվարկելու սովորությունը:

Մասնագետը նաեւ նշեց, որ Հայաստանում դեպրեսիվ խանգարումները նույնպես բավականին տարածված են, սակայն համարժեք վիճակագրություն առայժմ չկա. պաշտոնական վիճակագրությունը հաշվառում է միայն այն հիվանդներին, որոնք օգնության համար ստացիոնար են դիմում, սակայն Հայաստանում դեպրեսիայով տառապող հիվանդների մեծ մասը կա՛մ ընդհանրապես բժշկի չի դիմում, կա՛մ մասնավոր կլինիկաներ է դիմում, հետեւաբար ընդհանուր վիճակագրության մեջ չի հայտնվում: