Տոնական օրերին իրականացված մշտադիտարկան արդյունքներով սուր շնչառական վարակների եւ գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին: Հիվանդների դիմելիությունը հիմնականում եղել է Երեւանում։ Ներկայումս մայրաքաղաքի մանկական հիվանդանոցներում հոսպիտալացված 360 հիվանդների մեծ մասը` 0-2 տարեկան երեխաներ են:
Անհրաժեշտ բուժման արդյունքում բոլորի մոտ առկա է լավացման դրական շարժընթաց: Նշված օրերին արձանագրվել է շտապ օգնության 81 կանչ, գրեթե նույնքան` որքան մեկ տարի առաջ: Կանչերը մեծամասամբ տրվել է մեծահասակների համար՝ պայմանավորված սուր շնչառական վարակներով: Հանրապետությունում այս օրերի ընթացքում շրջանառել են գրիպի Ա եւ Բ տեսակները, ինչպես նաեւ այլ շնչառական վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):
Գրիպից եւ դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.
- խուսափե´ք գրիպանման երեւույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին եւ մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
- հագնվե´ք եղանակին համապատասխան,
- պահպանե´ք հազի եւ փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետեւե´ք անձնական հիգիենային:






