2017 թվականին Առողջության հայ-ամերիկյան կենտրոնում անցկացվել է կրծքագեղձի 22 823 հետազոտություն (ՈւՁՀ եւ մամոգրաֆիա) եւ հայտնաբերվել կրծքագեղձի քաղվկեղի 800 նոր դեպք: Այս մասին լրագրողներին հայտնեց կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ տարվա ընթացքում կենտրոնում հետազոտել են 122 տղամարդու, որոնցից 5-ի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել: Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ տղամարդկանց մոտ քաղցկեղի այս ձեւը, որպես կանոն, ախտորոշում են ավելի ուշ փուլերում, քանի որ նրանք, կանանց համեմատությամբ, ավելի հազվադեպ են կրծքագեղձի հետազոտություն անցնում, իսկ շոշափվող ուռուցքներին հաճախ ուշադրություն չեն դարձնում՝ մտածելով, որ դրանք առաջացել են հարվածի կամ մրսածության, կամ նման մի բանի հետեւանքով:
Ինչպես նշեց Խաչանուշ Հակոբյանը, անցյալ տարի իրենց կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղ են հայտնաբերել յուրաքանչյուր 15-16-րդ կնոջ մոտ: Սակայն 2017-ին հիվանդացածությունը կրճատվել է, եւ քաղցկեղ են հայտնաբերել յուրաքանչյուր 26-րդ այցելուի մոտ: Կենտրոնի ղեկավարի կարծիքով՝ սա կապված է այն բանի հետ, որ կանայք սկսել են ավելի ուշադիր վերաբերվել իրենց առողջությանը, ավելի հաճախ դիմել բժշկի՝ նույնիսկ բողոքի բացակայության դեպքում, ինչի շնորհիվ նրանց մոտ խնդիրները հայտնաբերվում են դեռեւս մինչեւ դրանց ինչ-որ լուրջ բանի վերածվելը:
Խաչանուշ Հակոբյանը հիշեցրեց, որ կրծքագեղձի քաղցկեղը գործնականում 100 տոկոս դեպքերում բուժվում է, եթե այն վաղ փուլերում են հայտնաբերում: Սակայն նույնը չի կարելի ասել բարձիթողի դեպքերում: Այս պատճառով այդքան կարեւոր է տարեկան մեկ անգամ կանխարգելիչ հետազոտություն անցնել, եթե անգամ անհանգստանալու ոչ մի պատճառ չկա. դա կօգնի ժամանակին հայտնաբերել փոքր ուռուցքները կամ նախաքաղցկեղային վիճակը եւ կնոջը հաջողությամբ բուժել՝ նրան ազատելով հետագա խնդիրներից:
2017 թվականին Առողջության հայ-ամերիկյան կենտրոնում նաեւ ախտորոշել են արգանդի վզիկի քաղցկեղի 30 նոր դեպք եւ նախաքաղցկեղային վիճակի 44 դեպք: Ինչպես նշեց Խաչանուշ Հակոբյանը, տարվա ընթացքում գինեկոլոգիական հետազոտություն է անցել 8921 կին:
Հայտնաբերվել է նաեւ ձվարանների քաղցկեղի 10 նոր դեպք եւ էնդոմետրիայի քաղցկեղի 17 նոր դեպք:






