2017 թվականին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում վահանագեղձի քաղցկեղի 291 նոր դեպք է ախտորոշվել: Այս մասին լրագրողներին ասաց կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ կենտրոնում մեկ տարվա ընթացքում վահանագեղձի 2785 ուլտրաձայնային ուսումնասիրություն եւ 978 բարակ ասեղային ասպիրացիա է անցկացվել, որոնց արդյունքում քաղցկեղային ուռուցքներ են հայտնաբերվել:

Վերջին շրջանում, ըստ Խաչանուշ Հակոբյանի, քաղցկեղի այս տեսակի դեպքերի թիվը Հայաստանում զգալիորեն աճել է: Այսօր վահանագեղձի քաղցկեղ հավասարապես հաճախ ախտորոշվում է եւ՛ կանանց, եւ՛ տղամարդկանց մոտ: Ավելին՝ հիվանդների շրջանում շատ երիտասարդներ եւ նույնիսկ դեռահասներ կան:

Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ վահանագեղձի քաղցկեղը սովորաբար դանդաղ ու աննկատ է զարգանում, ուստի շատ հիվանդներ նույնիսկ չգիտեն, որ քաղցկեղ ունեն: Միայն վերջին փուլերում է հիվանդությունը սկսում իրեն զգացնել տալ, եւ այդ ժամանակ շատ դեպքերում բուժումն արդեն անարդյունավետ է:

Վահանագեղձի քաղցկեղի ժամանակին ախտորոշման համար Խաչանուշ Հակոբյանը խորհուրդ է տալիս տարեկան մեկ կամ երկու անգամ սոնոգրաֆիկ հետազոտություն անցնել: Հայտնաբերելով խնդիրը՝ մասնագետը հիվանդին կուղարկի բարակ ասեղային ասպիրացիայի, որն էլ կհաստատի կամ կհերքի քաղցկեղի առկայությունը: