2017 թվականին Երեւանի շտապ օգնությունը 234 673 կանչ է ստացել, ինչը 14 797-ով (5.9 տոկոսով) քիչ է, քան 2016 թվականին: Այս մասին լրագրողներին հայտնեց «Շտապ օգնություն» ՓԲԸ ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

Ամբողջ տարվա ընթացքում 50 229 հիվանդներ են հոսպիտալացվել, ինչը 797-ով (1.6 տոկոսով) ավելի շատ է, քան 2016 թվականին (49 432):

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ 2017 թվականին եղել է 24 739 մանկական կանչ, մինչդեռ 2016-ին եղել էր 25 270՝ 2.1 տոկոսով ավելի շատ: 9346 երեխա հոսպիտալացվել է, ինչը 237-ով ավելի շատ է, քան 2016-ին (9109):

2017 թվականին կանչերի հիմնական պատճառները տարբերվել են անցյալ տարիներից. անփոփոխ առաջին տեղում են սիրտ-անոթային հիվանդությունները, որին հաջորդում են գրիպը եւ ՍՇՎ-ն՝ իրենց բարդություններով, իսկ 3-րդ տեղում են վնասվածքները: Մանկական կանչերի հիմնական պատճառը բարձր ջերմությամբ ուղեկցվող ՍՇՎ-ն է:

Համեմատության համար՝ 2015 թվականին եղել է 238 216 շտապ օգնության կանչ, 2014-ին՝ 226 357, իսկ 2013-ին՝ 218 579: