Հայաստանում դոնորային օրգանների ապօրինի վաճառքի հետ կապված խնդիր չկա: Այս մասին այսօր Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում դոնորական օրգանների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
«Ինչ վերաբերում է օրգանների անօրինական վաճառքին, ապա մենք Հայաստանում իրականացվող նման գործարքների մասին տեղեկություն չունենք: Սակայն մենք գիտենք, որ աշխարհում դա արվում է, եւ ծավալների առումով սա լուրջ անօրինական բիզնես է: Բայց մեր հանրապետությունում նման խնդիր չկա: Մեզ մոտ փոխպատվաստումը հիմնականում իրականացվում է բարեկամ դոնորներից, եւ այդ իմաստով վաճառքի պահը բացառվում է», - ասաց նա:
Սերգեյ Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ դոնորական օրգանների արտահանումը Հայաստանից արգելված է, եւ այս հարցում մեր օրենսդրությունը նույնն է, ինչ նախկին ԽՍՀՄ երկրներում: Միեւնույն ժամանակ, եվրոպական երկրներում թույլատրվում է օրգանների եւ՛ արտահանումը, եւ՛ ներկրումը, ինչպես նաեւ ստեղծված է տվյալների միասնական բազա: «Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանից օրգանների արտահանում չկա, եւ օրգանների ոչ պաշտոնական արտահանման եւ վաճառքի մասին տվյալներ եւս չկան», - ասաց նա:






