Հայաստանում յուրաքանչյուր տարի երիկամների ընդամենը 10 -15 փոխպատվաստում է կատարվում, եւ վիրահատությունները իրականացվում են միայն «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Այս մասին այսօր Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում դոնորական օրգանների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Նա նշեց, որ Հայաստանում փոխպատվաստման ոլորտը սկսել է զարգանալ 25 տարի առաջ, սակայն հետո ոլորտի զարգացումը դադարել է մի շարք խնդիրների պատճառով, այդ թվում նաեւ՝ օրենսդրական:

«Այսօր Հայաստանում միայն «Արաբկիր» բժշկական կենտրոնն է երիկամների փոխպատվաստում կատարում, մինչդեռ աշխարհում արդեն լյարդի, թոքերի եւ սրտի փոխպատվաստումներ են իրականացվում», - ասաց նա՝ հավելելով, որ դիակային դոնորության վերաբերյալ համապատասխան օրենսդրական փոփոխությունն արդեն արված է: Այս փոփոխությունների համաձայն՝ եթե անձը կյանքի ընթացքում չի հրաժարվում օրգանների դոնորությունից, ապա նրա օրգանները կարող են օգտագործվել մահից հետո:

«Սակայն այստեղ որոշակի մշակութային խնդիրներ կան, եւ փորձը ցույց է տալիս, որ մահացածի հարազատները դեմ են լինում վերջինիս օրգանների դոնորությանը», – ասաց նա։

Փոխնախարարի խոսքով՝ ներկայումս քայլեր են ձեռնարկվում Հայաստանում փոխպատվաստումը զարգացնելու համար, եւ դա կհանգեցնի բազմաթիվ խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ հեմոդիալիզ ստացող հիվանդների թվի կրճատմանը:

Նա ավելացրեց, որ փոխպատվաստումը բժշկության շատ բարդ եւ թանկ ճյուղ է, որը խոշոր ներդրումներ է պահանջում, եւ դրա զարգացման համար հարկավոր է երկրում մի քանի շատ զարգացած հարակից ծառայություններ ունենալ:

«Ներկայումս մենք բանակցում ենք փոխպատվաստման ոլորտում մասնագիտացած մի շարք օտարերկրյա կլինիկաների հետ, որոնք պատրաստ են աջակցել մեզ այս դպրոցի կայացման գործում: Եվ մենք այժմ իրականացնում ենք առաջին փուլը` այն բժշկական հաստատությունների հնարավորությունների գնահատումը, որոնք պետք է փոխպատվաստում կատարեն», - ասաց նա: Փոխնախարարը հույս հայտնեց, որ մեկ կամ երկու տարվա ընթացքում նախադրյալներ կստեղծվեն երկրի մի շարք բժշկական կենտրոններում փոխպատվաստում իրականացնելու համար: