Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը անլուրջ է համարում հայտարարություններն այն մասին, որ արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը, որը ֆինանսավորովում է Համաշխարհային բանկի կողմից, չի հաջողվել:

«Սա շատ արդյունավետ ծրագիր է, այն իրականացվել է, այս ծրագիրը շարունակվում է», - ասել է նա եւ ավելացրել, որ ծրագրի իրականացման հետ կապված խնդիր կա, եւ այն կայանում է նրանում, որ կանայք չեն գնում սկրինինգի համար պոլիկլինիկա, երբ իրենց կանչում են: «Մենք չունենք այդ կանանց պոլիկլինիկա բերելու մեխանիզմ», - ասել է նա:

Փոխնախարարը հավելել է, որ Առողջապահության նախարարությունն ունի հստակ թվեր եւ դրանք վկայում են այն մասին, որ տասնյակ հազարավոր կանայք անցել են ՊԱՊ թեստ, շատերի մոտ հիվանդություններ են հայտնաբերվել:

«Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ այս ծրագիրը կյանքի չի կոչվել», - ասել է նա:

Այն առարկումներին, որ պոլիկլինիկաները լավ չեն տեղեկացնում կանանց եւ մեր հայրենակցուհիներից շատերը տեղյակ չեն այս ծրագրից, ինչի մասին նշել են նաեւ պատգամավոր կանայք, Սերգեյ Խաչատրյանը նկատել է, որ ծրագրի իրականացման առաջին տարին հաջող չէր ընթանում, հաջորդ տարիներին կանանց ընդգրկվածությունը մեծացել է: Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկի թիմը զարմացել էր, որ Հայաստանում ծրագիրը չկայացած են գնահատում:

Փոխնախարարը նշել է, որ սկրինինգային ծրագրի արդյունավետության հարցին անդրադարձել էին երկրում մարդու պապիլոմա վիրուսի դեմ գարդասիլ պատվաստանյութի ներդրման առիթով եւ հավելել, որ սկրինինգային ծրագիրը չի լուծում այն խնդիրը, «որի մասին խոսում են»:

Նրա խոսքով՝ սկրինինգային ծրագիրը շատ կարեւոր է որոշելու համար՝ արդյոք կինն այս պահին վարակված է կամ ունի դրա հետ կապված որեւէ խնդիր: Սակայն սա մեկանգամյա գործողություն չէ եւ սկրինինգը պետք է անընդհատ անցկացվի:

ՄՊՎ դեմ պատվատսումը, նրա խոսքով, բոլորովին այլ խնդիր է լուծում՝ դա քաղցկեղի կոնկրետ տեսակի կանխարգելում է:

«Սկրինինգային ծրագրերը երկարատեւ եւ ծախսատար են, եւ նրանք չեն կարող փոխարինել պատվաստումներին, եւ այս ամենը պետք է միասին կատարվի արդյունավետության հասնելու համար», - ասել է նա եւ ավելացրել, որ գարդասիլի դեմ բոլոր խոսակցությունները նրան զարմացնում են:

«Ես կարող եմ միայն մի բան ասել. այս վիրուսը առանձնացրած եւ պատվաստանյութը ստեղծած գիտնականները ստացել են Նոբելյան մրցանակ», - եզրափակել է նա: