Սաուդյան Արաբիայում շարունակում է մոլեգնել կորոնավիրուսը: Հիվանդության զոհերի թիվը հասել է 102-ի, միայն անցած օրերի ընթացքում մահացել է 8 մարդ: Մահացու վտանգավոր վիրուսով վարակման եւս 16 դեպք լաբորատոր հաստատւմ են ստացել , հաղորդում է Reuters-ը:
Արդյունքում հիվանդացածների թիվը կազմել է 339 մարդ: Բժիշկները մտահոգված են համաճարակային իրադրության կտրուկ սրացման հնարավորությամբ՝ մոտենում է մուսուլմանների համար սուրբ ռամադան ամիսը, եւ թագավորություն կժամանեն հարյուր հազարավոր ուխտագնացներ:
Գործնականում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը դիտվում է Կարմիր ծովի ափին գտնվող Ջիդդե քաղաքում: Բնակչության մոտ խուճապն աճում է: Քաղաքի բնակիչները աշխատում են խուսափել հասարակական միջոցառումներից, իսկ դեղատներում դիմակները եւ տարբեր ախտահանող միջոցները մեծ պահանջարկ են վայելում: Բնակչությանը հանգստացնելու համար ապրիլի 24-ին թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզն անձամբ այցելել է քաղաք:
Իր տարածվածության շրջանի պատճառով «մերձավոր-արեւվելյան» անվանումը ստացած կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 2012թ.-ին Սաուդյան Արաբիայում: Մասնագետները ենթադրում են, որ հիվանդության աղբյուր կարող են հանդիսանալ Արաբական թերակղզու միասապատ ուղտերը:
Բացի Սաուդյան Արաբիայից, հիվանդացության դեպքեր արդեն գրանցվել են Եգիպտոսում եւ Հորդանանում: Կորոնավիրուսը ներթափանցել է նաեւ Եվրոպա՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա: Նրա դեմ դեղամիջոց առայժմ չեն գտել:






