Չնայած համացանցում հասանելի տեղեկատվության առատությանը, դեռեւս շատ են բակտերիաների մասին առասպելները, եւ մեծ թվով մարդիկ շարունակում են դրանց հավատալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի, դեռեւս տարածված առասպելներ:
Առասպել 1 – Բակտերիաների դեմ պայքարի համար տաք ջուրն ավելի լավ է, քան սառը
Այս պնդումն իրականությանը չի համապատասխանում, քանի որ սառը ջուրը մաշկի մակերեւույթից ճիշտ նույն քանակությամբ բակտերիա է լվանում, որքան տաք ջուրը: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ բակտերիաների դեմ պայքարում ջրի ջերմաստիճանը ոչ մի դերակատարում չունի: Ավելին՝ տաք ջուրը կարող է մաշկի թեփոտում առաջացնել:
Բակտերիաների դեմ արդյունավետ պայքարելու համար օգտագործեք օճառ եւ սենյակային ջերմաստիճանի սովորական ջուր: ԱՄՆ հիվանդությունների հսկողության եւ կանխագելման կենտրոնի հրահանգների համաձայն՝ ձեռքերը լվանալիս առավելագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է հաշվել մինչեւ 20-ը:
Առասպել 2 – Հակաբիոտիկների ընդունումն օգնում է ազատվել մրսածությունից ու գրիպից
Մարդկանցից շատերը ՍՇՎ կամ գրիպի առաջին ախտանիշների դեպքում դեղատուն են ուղղվում հակաբիոտիկներ գնելու: Մինչդեռ հակաբիոտիկները չեն օգնի հաղթահարել ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, քանի որ այս հիվանդությունների հարուցիչները վիրուսներն են, այլ ոչ բակտերիաները: Իսկ հակաբիոտիկները ոչնչացնում են միայն բակտերիաները:
Առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ ընդունելով՝ դուք ձեզ մեծ վտանգի եք ենթարկում. հակաբիոտիկների սխալ ընդունումը նպաստում է հակաբակտերիակայունության զարգացմանը եւ տարածմանը՝ գլոբալ լուրջ խնդիր, որն ապագայում կբերի նրան, որ գրեթե բոլոր հակաբիոտիկներն արդյունավետությունը կկորցնեն:
Առասպել 3 – Հասարակական զուգարաննեում հնարավոր է սեռական ինֆեկցիա ձեռք բերել
Սա շատ տարածված առասպել է, սակայն եթե մարդը զգուշություն է պահպանում եւ հասարակական զուգարանում հետեւում անձնական հիգիենայի կանոններին, այնտեղ չի կարող սեռական ինֆեկցիայով վարակվել:






