2018 թվականի հունվարի 1-ից 15-ը Հայաստանում գրանցվել է ալկոհոլից, շմոլ գազից, քիմիական նյութերից եւ դեղամիջողցներից սուր թունավորման 46 դեպք: Թունավորման հետեւանքով մահվան դեպքեր չեն գրանցվել: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր թունաբանը Միքայել Գաբրիելյանը:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր թունավորման 36 դեպք:
Փորձագետի խոսքով՝ եւ՛ այս, եւ՛ անցյալ տարի թունավորման դեպքերի մեծամասնությունը կապված է ալկոհոլային խմիչքի հետ: Հայաստանում ցածր որակի ալկոհոլային խմիչքների օգտագործման հետեւանքով թունավորման դեպքեր չկան, կան դեպքեր՝ ալկոհոլի չարաշահման պատճառով:
Հետաքրքիր է, որ եթե նախկինում ալկոհոլային խմիչքներից թունավորումներով հիվանդանոցում էին հայտնվում հիմնականում միջին տարիքի մարդիկ, ապա այժմ խնդիրը զգալիորեն «երիտասարդացել» է, եւ բժիշկներն ավելի ու ավելի հաճախ տեսնում են ալկոհոլը չարաշահած 16-17 տարեկանների՝ այդ թվում նաեւ աղջիկների եւ կանանց: Ընդ որում, նախկինում ալկոհոլը սովորաբար չարաշահում էին հիմնականում անօթեւանները, իսկ այժմ նաեւ՝ բավականին ապահովված ընտանիքների ներկայացուցիչները:
Ինչպես նշել է մասնագետը, 2017 թվականին ամանորյա տոների ընթացքում ալկոհոլի թունավորման 10 դեպք է եղել, 2018 թվականին` 21 դեպք:






