ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր անցկացրեց գործակարգավարական առաջին խորհրդակցությունը: Նա նախ նշեց, որ մինչեւ Ազգային ժողովում ՀՀ նոր կառավարության ծրագրի հաստատումը, իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
Այնուհետեւ նախարարին զեկուցեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները։
Նախարարը աշխատակազմին հանձնարարեց հրատապ լուծում պահանջող խնդիրներին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ եւ խստությամբ։
«Մեր որոշումները պետք է այնպիսին լինեն, որ դրանց կատարմանը իրավական կամ այլ խոչընդոտներ չխանգարեն։ Կարեւոր է նաեւ, որ դրանք հասցվեն կատարողներին»,-ասաց Արմեն Մուրադյանը։
Անդրադառնալով հիվանդանոցներում պետական պատվերի շրջանակներում բուժվող քաղաքացիներին իրազեկման թերթիկներ տրամադրելու ընթացակարգին` նախարարը ողջունեց դրանց ներդրումը եւ հանձնարարեց ընդլայնել կիրառման շրջանակները, ինչպես նաեւ խստորեն հետեւել դրանց տրամադրմանը։
«Յուրաքանչյուր քաղաքացի, դիմելով ցանկացած օղակի բուժհաստատություն, պետք է տեղեկացված լինի պետության կողմից երաշխավորվող անվճար բժշկական օգնության եւ այն մասին, թե, արդյո՞ք, ինքն ընդգրկված է ՀՀ կառավարության կողմից հաստատված սոցիալապես անապահով եւ հատուկ այն խմբերում, որոնք իրավունք ունեն օգտվելու այդ ծառայությունից»,-ասաց նախարարը։
Արմեն Մուրադյանն այնուհետեւ անդրադարձավ առողջապահական համակարգի քարտեզագրման խնդիրներին։ Հանձնարարեց ապահովել քարտեզագրում ըստ բնակչության թվի, տարիքային խմբերի առողջական ցուցանիշների` դրանով իսկ սահմանելով կադրային անհրաժեշտ ներուժի նվազագույն պահանջները, ինչը կադրային հստակ եւ արդյունավետ քաղաքականություն վարելու հիմք կհանդիսանա։
Նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին այլ հանձնարարություններ եւս տրվեցին։






