Ռեսիֆի Վերականգնողական հոսպիտալի (Hospital da Restauração) վիրաբույժների խումբը 1,5 ժամ տեւած վիրահատության ընթացքում կարողացել է խնջույքի ժամանակ 10-ամյա տղայի սիրտը ծակած թափանցած երկար շամփուրն անվտանգ հանել:
Միջադեպը տեղի է ունեցել դեռեւս հունվարի 18-ին Բրազիլիայի Տորիտամա համայնքում: 10-ամյա Մարիվալդո Խոսե դա Սիլվան խաղում էր տան շեմին եւ մեջքի վրա ընկել է շամփուրներով տակառի վրա: Ընտանիքը տղային հիվանդանոց է տեղափոխել, որտեղ բժիշկները նրա վիճակը կայունացրել են եւ ուղարկել 170 կմ հեռավորությամբ գտնվող այլ բուժհաստատություն:
«Սա շատ հազվադեպ դեպք է: Նման բան մենք մի քանի անգամ տեսել ենք, բայց հատկապես այսպիսի դեպք անձամբ ես ոչ մի անգամ չեմ հանդիպել: Սա իսկական հրաշք է, որ հաջողվեց նրան օգնել»,- ասել է վիրաբույժներից մեկը՝ Անդրեա Ռոլիմը: Նրա խոսքով՝ Սիլվային փրկել է այն, որ ոչ մեկը չի փորձել շամփուրը հանել: «Եթե ընտանիքի անդամները այն հանեին մինչեւ հիվանդանոց գալը, երեխան արյուն շատ կկորցներ եւ ավելի շուտ՝ կմահանար»,- պարզաբանել է նա:

Որոշվել է մինչեւ վիրահատությունը մետաղական ձողը թողնել երեխայի սրտի մեջ՝ արյան առատ կորստից խուսափելու համար: Բժիշկների խոսքով՝ օտար առարկան սրտի զարկերի հետ տատանվում էր:
Տղան արդեն ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա սիրտը նորմալ է աշխատում, նա ինքնուրույն է շնչում: Բժիշկները նրա հետագա առողջացման վերաբերյալ լավ կանխատեսումներ են կատարել:






