Ներկայումս Հայաստանի առողջապահության համակարգում տեղի է ունենում որոշումների ընդուման կենտրոնացում՝ այն դեպքում, որ անկախություն ձեռք բերելու պահից ընթացել է ապակենտրոնացման գործընթաց, եւ դա ճիշտ էր, կարծում է առողջապահության կազմակերպիչ, «ՄԻԲՍ Երեւան» բժշկական կենտրոնի ղեկավար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությունը պետք է իր ենթակառույցներին հետ պատվիրակի նրանցից վերցրած լիազորությունները, եւ այս ընթացքում առաջանում է նաեւ իր՝ Առողջապահության նախարարության՝ որպես առանձին կառույցի գոյության նպատակահարմարության հարցը: Կառավարության հայտարարած օպտիմալացման շրջանակում կարելի էր, օրինակ, միավորել սոցապահովության եւ առողջապահության նախարարությունները, ինչպես այս ոլորտները միավորել են խորհրդարանական մեկ հանձնաժողովում:
Արսեն Թորոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ներկայումս Առողջապահության նախարարության աշխատակազմը համակարգում է իր ենթակայության ներքո գտնվող մի քանի կարեւոր կառույցներ եւ որոշ դեպքերում կրկնում է այդ ինստիտուտների գործառույթները: Օրինակ՝ բացի Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնից, ԱՆ-ում գործում է դեղերի քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչություն: Կա Առողջապահության ազգային ինստիտուտ, որը պետք է գլոբալ հարցերով զբաղվի, առողջապահության ոլոտում քաղաքականություն մշակի, սակայն ԱՆ-ում կա նաեւ բժշկական օգնության քաղաքականության վարչություն եւ հանրային առողջապահության բաժին: Ըստ որում՝ բուժօգնության քաղաքականության վարչությունը զբաղվում է պետպատվերի հետ կապված քաղաքացիների դիմումների քննությամբ, մինչդեռ սա առաջնային օղակի եւ Առողջապահության պետական գործակալության գործառույթն է, եւ եթե նրանք չեն կարողանում այն կատարել, ապա պետք է պարզել՝ ինչու, այլ ոչ թե այդ հարցով զբաղեցնել ԱՆ վարչությանը:
Հաջորդ հարցը. բացի Առողջապահության պետական գործակալությունից, որը զբաղվում է պետական պատվերի տեղաբաշխմամբ, ԱՆ-ում նաեւ ֆինանսատնտեսական բաժին կա, ըստ որում՝ ֆինանսական ոչ մի գործարք չի կատարվում առանց Ֆինանսների նախարարության իմացության: ԱՆ աշխատակազմում գործում է նաեւ իրավաբանական վարչություն, բայց կրկին բոլոր փաստաթղթերն ընդունվում են միայն Արդարադատության նախարարության համաձայնությամբ: Արսեն Թորոսյանի խոսքով՝ այս ամենը կրկնակի գործառույթների օրինակ են, եւ ըստ որում՝ գերատեսչական հաստատությունները, ինչպիսին են Առողջապահության ինստիտուտը, Առողջապահության պետական գործակալությունը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Առողջապահության տեսչությունը, զրկվում են իրենց լիազորություններից, չեն կատարում այն գործառույթները, հանուն որոնց ստեղծվել են: Ավելին՝ նրանք երբեմն տեղյակ չեն այն որոշումներից, որոնք ԱՆ-ում ընդունվում են, քանի որ իրենց հետ դա չի քննարկվում: ԱՆ-ն նրանց գործունեությանը խանգարում է, քանի որ որոշումներ է պարտադրում՝ ինչպիսի դեղ գրանցել, որ ընկերությանը տուգանել կամ որ բուժհաստատությանը փող հատկացնել, իսկ որին՝ ոչ: Արսեն Թորոսյանը կարծում է, որ դրանով նրանք վերածվում են անպետք կառույցների, իսկ պետք է հակառակը լիներ:
«Բոլոր որոշումների մասին մենք պոստ ֆակտում ենք տեղեկանում: Այս որոշումների սուբյեկտները երբեք չեն մասնակցում որոշումների ընդունմանը, որոնք ուղղակիորեն իրենց են վերաբերում: Որոշումներն ընդունվում են ու իջեցվում: Հնարավոր է եւ՝ շատ լավ որոշումներ: Սակայն ԱՆ-ում վստա՞հ են, որ իրենք ամեն ինչ գիտեն: Օրինակ՝ գիտե՞ն բոլոր ընտանեկան բժիշկներն ինչի կարիք ունեն:
Ստացվում է, որ բարեփոխումների շահառուները եւ նրանք, ովքեր պետք է դրանք իրականացնեն՝ առողջապահության վարչությունները, դրանց մասին ոչ մի բան չգիտեն մինչեւ որոշման ընդունումը. դա նրանց վերեւից է իջեցվում: Չեն ցանկանում նրանց որոշումներ կայացնելու իրավասություններ պատվիրակել, որոնք հենց իրենց են վերաբերում: Ամեն ինչ ընթանում է կենտրոնացման ճանապարհով, ինչպես խորհրդային տարիներին»,- նշեց նա:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ հիմա ցանկանում են կենտրոնացնել նույնիսկ դեղերի գնումը: Այո՛, հնարավոր է, որ կենտրոնացված գնումների դեպքում պետությունը դեղերն ավելի ցածր գներով ձեռք կբերի: Բայց ի՞նչ երաշխիք կա, որ դեղերի մատակարարման գործում խափանումներ չեն լինի: Սա, նրա կարծիքով, կարող է բուժհաստատությունների համար լուրջ խնդիր դառնալ:
Հաջորդ հարցը. Արսեն Թորոսյանի խոսքով՝ սոցիալապես անապահովների համար պետական ապահովագրություն գնելու դեպքում, ինչպես դա արվել է սոցփաթեթների շահառուների համար, ԱՆ գործառույթը կլինի միայն ապահովագրական ընկերությունների հետ պայմանագրերի կնքումը: Այնպես որ՝ եթե միավորված սոցիալական ապահովության եւ առողջապահության նախարարության կազմում ԱՆ ամբողջ աշխատակազմում 10 մարդ մնա, ապա աշխարհը չի քանդվի: Սակայն ԱՆ հովանու ներքո գործող կառույցները միաժամանակ պետք է ուժեղացվեն, որպեսզի իրենց ուղիղ պարտականությունները կատարեն՝ ռազմավարություն մշակեն, զբաղվեն քարոզչության հարցերով, որն այժմ զրոյական մակարդակում է:
«Երեւանի փողոցներում կարելի է վահանակներ տեսնել՝ «Աղոթիր, որ փրկվես»: Բայց, օրինակ, ոչ մի այսպիսի կոչ չկա՝ չափիր ճնշումդ կամ պատվաստվիր, որ առողջ լինես, կամ մի՛ ծխիր»,- ասաց նա՝ հավելելով, թե իրավացի են այն քննադատները, ովքեր Առողջապահության նախարարությունը «հիվանդապահության» նախարարություն են անվանում, քանի որ այն հիվանդներին պահելուց բացի, իրականում այլ բանով չի էլ զբաղվում:
Արսեն Թորոսյանը նաեւ կարծում է, որ պետք է ազատվել պոլիկլինիկաների այն համակարգից, որը մեզ է հասել Խորհրդային Միությունից: Այն ժամանակ մեգակառույցներ էին ստեղծվում, այդ թվում՝ նաեւ այն նպատակով, որպեսզի բժիշկներին աշխատանքով ապահովեն, եւ այդ ժամանակ պետական դոտացիա կար: Այսօր պոլիկլինիկաների համար պետական պատվերը այն նույն դոտացիան է: Սակայն նման վիթխարի շենքերով նման թվով պոլիկլինիկաների ոչ մի անհրաժեշտություն պարզապես չկա: Նրա կարծիքով՝ չարժի պոլիկլինիկաները գրչի մի հարվածով փակել, չնայած Երեւանի կենտրոնում մի քանի պոլիկլինիկաներ կարելի է միավորել նաեւ նման որոշմամբ: Իսկ մնացյալի համար պետք է մրցակցային միջավայր ստեղծել, անհրաժեշտ է ընտանեկան բժիշկներին հնարավորություն տալ միավորվել փոքր խմբերում եւ ստանձնել քաղաքի բնակիչների հաշվառումը: Եվ այդ ժամանակ պահանջարկ չունեցող կառույցներն իրենք կփակվեն՝ մրցակցությանը չդիմանալով:
Արսեն Թորոսյանը նաեւ հավելեց, որ այս ամենն առայժմ բավականին հում պատկերացումներ են այն մասին, թե առողջապահության կառուցվածքն ինչպես պետք է վերակազմավորել, եւ այսպիսի որոշումները չի կարելի արագ ու առանց ծանրութեթեւ անելու ընդունել եւ իրականացնել: Սակայն երկրին սպասում է իշխանության գլոբալ վերակազմավորում, քանի որ մենք կառավարման խորհրդարանական համակարգին ենք անցնում:
«Իմ կոչն այսպիսին է: Մենք փոփոխությունների փուլում ենք: Շատ բան է փոխվում՝ կառավարման համակարգը, կառավարությունը եւս կփոխվի, եւ ոչ միայն անդամները, այլ նաեւ կարող է կառուցվածքը փոխվել: Երկրի քաղաքական ղեկավարությունը պետք է հարցն օրակարգում պահի: Գուցե իմ ասածում առողջ հատիկ կա: Գուցե այսպես ավելի ճիշտ է եւ ծախսերը քիչ են»,- ամփոփեց նա:






