Տվյալների մեծ փաթեթ կա այն մասին, որ ԳՁՕ-ն վտանգավոր է, սակայն դեռեւս չկա փաթեթ, որը վերջնական տվյալներ է պարունակում, որոնց հիման վրա կարելի է սա անվերապահորեն պնդել: Այս մասին հունվարի 26-ին ԱԺ-ում կայացած «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» լսումների ժամանակ ասաց ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ սրա պատճառները պարզ են՝ կա շահերի բախում: «Ո՛չ «Մոնսանտոն», ո՛չ այլ կազմակերպություն 10-20 մլն դոլար չի հատկացնի ԳՁՕ-ի վտանգավորության հետազոտության համար: Ուստի այն հետազոտությունները, որոնք կատարվել են, հետագայում քննադատության են ենթարկվել՝ իբր դուք վերցրել եք ընդամենը 200 առնետի, ըստ որում՝ ակնհայտ քաղցկեղային գծից, հետեւաբար այս հետազոտության արդյունքներին չի կարելի մինչեւ վերջ վստահել»,- ասաց նա՝ հավելելով. «Ամեն դեպքում, պոտենցիալ վտանգ կա, եւ դա ոչ մեկը չի հերքում»:
Մասնագետի խոսքով՝ երկրորդ հիմնական միտքը, որը կուզենար հանրությանը հասցնել, հետեւյալն է՝ անհրաժեշտ է մոռանալ այն մասին, որ Հայաստանում կարելի է ԳՁՕ կոնկրետ վտանգները հետազոտել, քանի որ դրա համար կպահանջվի մեր ամբողջ գիտական բյուջեն: «Բայց կարելի է որոշել՝ ներմուծվող մթերքներում կա՞ն փոփոխված գեներ, թե՞ չկան, եւ նրանց մեջ, որոնք այստեղ են աճեցվում: Սակայն այս 10 տարիներին մենք այս տվայլներն էլ չենք ստացել»,- ասաց գիտնականը՝ հավելելով, որ տարբեր տարիների Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում 3 լաբորատորիա է գործել, որոնք կարող էին սերմերը ԳՁՕ-ի մասով հետազոտել: Սակայն հիմա դրանցից ոչ մեկը դրանով չի զբաղվում, քանի որ դա թանկ հետազոտություն է, եւ ոչ մեկը դրա համար չի վճարում:
«Իսկ ո՞վ կպատվիրի իր տգեղ դիմանկարը: Ոչ մեկն ինքնուրույն նման մազոխիզմով չի զբաղվի»,- նշեց նա:
Գիտնականը հիշեցրեց, որ Հայաստանում 2014 թվականին վտանգների գնահատման մասին օրենք է ընդունվել, եւ, նրա խոսքով, կարելի է այդ վտանգներն ընդամենը կոնկրետացնել ու կապել գործող օրենսդրության հետ:






