ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի կողմից մի քանի տարի առաջ անցկացրած հետազոտությունները վկայում են, որ Երեւանի շուկաներում հիմնականում վաճառվում են ԳՁՕ եգիպտացորեն, լոլիկներ եւ կարմիր պղպեղ։ Այդ մասին NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում նշել է կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը՝ ամփոփելով հունվարի 26-ին խորհրդարանում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» լսումները։

Նա հավելել է, որ այդ տվյալներն արդեն հին են, եւ այսօր իրավիճակը կարող է այլ լինել։ Ընդ որում, առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունները որեւէ տվյալի չեն տիրապետում, քանի որ հետազոտություններ չեն արել։

«Խորհրդարանում լսումներին նախարարությունների ներկայացուցիչները չեն կարողացել պատասխանել հարցին, թե Հայաստանում որքան ԳՁՕ-ապրանքներ են արտադրվում, որքան է ներկրում, թե բնակչության սննսակարգում որքան են կազմում ԳՁՕ պարունակող սննդամթերքը։ Ես ասացի, որ մեր բնակչությունը հիմնականում հաց եւ կարտոֆիլ է օգտագործում, եւ հայտնի է, որ ԳՁՕ կարտոֆիլն ու ցորենը ֆիտոէստրոգեններ են պարունակում։ Հարցրեցի, թե օգտագործման որ չափի դեպքում կարելիէ  երաշխիք տալ, որ վերարտադրող առողջության հետ խնդիրներ չեն լինի»,- ասել է նա՝ հավելելով, որ այս դեպքում չի կարող լինել «եւ, եւ» դիրքորոշում, այլ միայն «կամ, կամ»:

«Ինչպես նշեցի դահլիճում, Հայաստանում տրանսգենային գյուղատնտեսությունը կարող է հանգեցնել բացասական ազդեցության շրջակա միջաայրի վրա։ Հայաստանում չկան այնպիսի հողատարածքներ, որ հեկտարներով ԳՁՕ արտադրեն»,- նշել է փորձագետը։

Դիտարկմանը, թե շատ գիտնականներ ԳՁՕ-ն վտանգավոր չեն համարում, Պիպոյանը պատասխանել է, որ մի շարք երկրներում, օրինակ Իտալիայում ԳՁՕ-ն արգելված է, եւ դժվար թե ԱՀԿ-ն կհանդուրժեր նման վերաբերմունք, եթե ԳՁՕ-ն վտանգներ չկրեր իր մեջ։