Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան եւ Հայաստանի բուժքույրերի միավորումն Արցախի Հանրապետությունում կազմակերպել են լյարդաբանական օրեր։ 

Արցախի բժիշկներին եւ բուժքույրերին ներկայացվել են վիրուսային հեպատիտ Ց-ի եւ Բ-ի, լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման կլինիկական արտահայտվածության ձեւերը, ախտորոշման, բուժման եւ վարման ժամանակակից մոտեցումները, հիվանդների բուժքույրական խնամքի առանձնահատկությունները։ Կարեւորվել են նաեւ ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանը, տարբեր իրավիճակներում առաջին բուժօգնության ճիշտ կազմակերպմանը, հետվիրահատական խնամքին վերաբերող եւ այլ թեմաները։

Դասախոսություններով հանդես են եկել ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի բաժնի պետ Ռոմելա Աբովյանը,  «Արմենիկում» ԲԿ-ի կլինիկական ծառայության ղեկավար Վիոլետա Սարգսյանը, «Բուժքույրերի միավորում» ՀԿ նախագահ Գեղանուշ Ստեփանյանը եւ ուրիշներ։

Մասնագետների թիմը նաեւ խորհրդավություններ է տրամադրել վիրուսային հեպատիտ Ց-ով հիվանդներին, իրականացրել  անհրաժեշտ գործիքային եւ լաբորատոր հետազոտություններ: Դրանց արդյունքների հիման վրա արցախցի գործընկերների հետ որոշվել է հիվանդների հետագա բուժման եւ հսկման ռազմավարությունը։

Բաց դռների օրվա շրջանակում Երեւանից Արցախ մեկնած լյարդաբանները խորհրդատվություն են տրամադրել ավելի քան 150 պացիենտի` կատարելով անվճար գործիքային հետազոտություններ։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանի հետ քննարկվել են այցի արդյունքները, ինչպես նաեւ լյարդաբանության բնագավառում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։