Գիտնականները հետազոտել են լյամբլիաների (գիարդիա մակաբույծ) սնուցման մեխանիզմը, որոնք հարուցում են աշխարհում ամենահաճախ հանդիպող ստամոքսի հիվանդություններից մեկ: Ինչպես պարզվել է, մարդու բարակ աղիում բնակվող մակաբույծները օրգանիզմի որոշ ֆունկցիաներ են նմանակում, որպեսզի հասանելիություն ստանան բարակ աղիի սննդարար նյութերին:

Ամեն տարի աշխարհում ախտորոշվում է լյամբլիոզի մոտ կես միլիոն դեպք, սակայն մինչեւ հիմա գիտնականներին հայտնի չէր, թե լյամբլիաներն ինչպես են մարդու հյուսվածքներից սննդարար նյութերը կորզում:

Ինչպես պարզել են Արեւելյան Անգլիա համալսարանի գիտնականները, բարակ աղիում բնակվող լյամբլիաները 2 տեսակի սպիտակուցներ են արտադրում, որպեսզի  քայքայեն բարակ աղիի պատերի բջիջները եւ սննդարար նյութերին հասանելիություն ստանան:

Երբ գիարդիաները կոտրում են միջբջջային պատնեշները՝ սննդարար նյութերին հասանելիությունը բացելով, մյուս բակտերիաները հնարավորություն են ստանում օգտվելու այս «պատրաստի ճաշատեսակներից», ինչը որոշ դեպքերում կրկնապատկում է լյամբլիոզի ախտանիշները:

Որպես կանոն, լյամբլիոզը որոշ ժամանակ հետո անցնում է, կամ դրա բուժման համար հակաբիոտիկներ են օգտագործում: Սակայն լյամբլիաների գրեթե կեսի տարածողները հվանդության ոչ մի ախտանիշ չեն ունենում:

Ինչպես ասում է բժիշկ Թայլերը, սա կարող է կախված լինել  մեր աղիներում «լավ» եւ «վատ» բակտերիաների հարաբերակցությունից:

Բժշկի վարկածով՝ նրանք, ովքեր ծանր ախտանիշներ ունեն, նրանց աղիների մեջ «վատ» բակտերիաներն ավելի շատ են, որոնք կլանում են լյամբլիաների ազատած սննդարար նյութերը: «Լյամբլիան նախնական վնաս է հասցնում՝ աղիի մեջ ազատելով սննդարար նյութերը, իսկ հետո եթե ձեզ մոտ «վատ» բակտերիաները շատ են, սկսվում է բորբոքման ցիկլը»,- ասում է Թայլերը:

«Ոմանց աղիներում գերակշռում են բավականաչափ «լավ» բակտերիաներ, որոնք բորբոքումներ եւ ցավեր չեն առաջացնում, այլ կարող են նույնիսկ դրանցից պաշտպանել»,- ասում է գիտնականը:

Հենց այս պատճառով լյամբլիոզի կանխարգելման համար օգտակար են յոգուրտները եւ «լավ» բակտերիաներով այլ ըմպելիքները, հավելում է բժիշկը: