Վրաստանում 2018 թվականի հունվարի 29-ի տվյալներով գանցվել է կարմրուկով հիվանդանալու 102 դեպք: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հասարակական առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, փոխանցում է «Sputnik Գրուզիան»:
Դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Աջարիայում, մասնավորապես Բաթումիում՝ 52, Քոբուլեթիիում՝ 14, Խելվաչաուրիում՝ 14, Խուլոյում՝ 2, Կեդայում՝ 3, Շուախեւիում՝ 1 դեպք: Թբիլիսիում գրանցվել է 5 դեպք, Քեմո Քարթլիում՝ 5, Սամեգրելոյում՝ 4, Մցխեթ Մթաինեթիում՝ 2:
1990 թվականից Վրաստանում կարմրուկի խոշորամասշտաբ համաճարակ չէր գրանցվել ընդհուպ մինչեւ 2004 — 2005 թվականները, երբ երկրում գրանցվել է հիվանդության 8,3 հազար դեպք: Դրանցից 9-ը մահվան ելք է ունեցել: Հիվանդությունը հիմնականում տարածվել է երեխաների եւ երիտասարդների շրջանում:
Վրաստանում կարմրուկի հաջորդ համաճարակը գրանցվել է 2013-2015 թվականներին, երբ հվանդացել է 11 հազար մարդ: Նրանք հիմնականում մեծահասակներ էին եւ մինչեւ 5 տարեկան երեխաներ: Այս համաճարակն ավարտվել է մահվան ելքով 4 դեպքով:
Ինչպես վրացի մասնագետներն են նշում, համաճարակի բռնկումն առաջացրել են 1990-ական թվականներին իմունացման ծրագրերի եւ 2008 թվականին պատվաստման արշավի ձախողումները, ինչի հետեւանքով մեծացել է կարմրուկի պատվաստում չկատարած մարդկանց թիվը:
2013-2016 թվականներին լրացուցիչ միջոցառումների շրջանակում երկրում պատվաստվել է մինչեւ 30 տարեկան գրեթե 200 հազար մարդ: Սա զգալիորեն նվազեցրել է այն մարդկանց թիվը, որոնք 2016-ին հիվանդացել են. այդ ժամանակ երկրում գրանցվել է կարմրուկի 14 դեպք:
Վրաստանում հիվանդությունների թվի հերթական աճ են գրանցել արդեն 2017 թվականի օգստոսից:
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներով՝ դեպքերի 34 տոկոսը բաժին է ընկել 20 տարեկանից մեծ տարիքային խմբին, իսկ 19,5 տոկոսը մինչեւ մեկ տարեկան երեխաներն են:
Ինչ վերաբերում է ընդհանրապես եվրոպական տարածաշրջանին, ապա 2016-2017 թվականներին կարմրուկի համաճարակի բռնկման հետեւանքով 14,900 մարդ է հիվանդացել, որոնցից մահացու է եղել 34 դեպք:
Գամկրելիձեն Վրաստանի բնակչությանը կոչ է արել կարմրուկի դեմ պատվաստվել եւ հիշեցրել է, որ այս հիվանդությունը կառավարվում է միայն պատվաստման միջոցով: Կարմրուկի հատուկ բուժում չկա, ամեն ինչ կախված է ախտանիշներից:






