Պլաստիկ վիրաբուժության նոր ուղղվածություն. ներբանի ձեւի եւ մատների երկարության փոփոխություն դիզայներական կոշիկներով ավելի տպավորիչ երեւալու համար: Կանայք հնարավորություն են ստացել իրենց նախասիրություններին համապատասխան փոխել ոտքերի չափերը: Վիրաբույժներն այս վիրահատություններն անվանում են «Cinderella surgery», եւ այս անվանումը հստակ բնութագրում է վիրահատությունների բնույթը. դրանցից հետո կոշիկը միաձուլվում է կնոջ ոտքի հետ՝ ինչպես ճենապակե ոտնամանը հեքիաթային հերոսուհու ոտքի, հաղորդում է The Medical Daily-ն:
Վիրահատությունը կարող է ներառել ոտքերի մատների կարճեցում կամ երկարացում, ինչպես նաեւ ներբանի մի մասի հեռացում: Հնարավոր է նաեւ վիրահատություն, որի ժամանակ որովայնի խոռոչի ճարպը ներմուծվում է ներբանի բարձիկներ, ինչն ապահովում է կոշիկը կրելու այնպիսի հարմարավետություն, ինչպես օրթոպեդիկ ներբանի միջատակերը (стелька): Ժամանակակից վիրաբուժությունը նաեւ թույլ է տալիս նեղացնել ներբանը: Այլ կանայք վիրահատություն են կատարում՝ բարձր ոտնաթումբը ուղղելու համար եւ այլն:
NYC Footcare կենտրոնի հիմնադիր Օլիվեր Զոնգը հայտնել է, որ սկզբից կանայք հիմնականում դիմում էին ներբանի կարճեցման համար, սակայն այժմ նրանք պահանջում են փոխել եղունգի չափը, ոտնաթաթի ձեւը, ոտքի մատների ձեւը եւ նեղացնել ներբանը:
Այնուամենայնիվ, ներբանի ամերիկյան օրթոպեդիկ միությունը եւ պոդիատրիայի ամերիկյան ասոցիացիան հստակ հայտարարել են, որ նրանք անհանգստացած են այդ միտմամբ, նշելով որ դա կարող է վտանգավոր լինել եւ վերջնական արդյունքում՝ վնասակար առողջության համար: «Ավելի գեղեցիկ կոշիկներ կրելու համար այս միջամտություններն անցած հիվանդներն իրականում վտանգված են, նրանք կարող են երկարատեւ ցավեր ունբենալ եւ անգամ հաշմանդամ դառնալ, - ասում է Non-Operative Food and Ankle Service կենտրոնի տնօրեն եւ օրթոպեդ Ռոկ Պոզիտանոն, - բժիշկները եւ պոդիատրները նախազգուշացնում են, որ ներբանի կոսմետիկական վիրաբուժությունը հանրային առողջապահության խնդիր է, որն առաջանում է կանանց՝ ոճը պահելու ցանկությունից»:






