Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման ցուցանիշների դրական դինամիկա է նկատվում, եւ այս հարցում ոչ պակաս կարեւոր դերակատարում ունի ժամանակակից կանանց գիտակից վերաբերմունքը քաղցկեղի կանխարգելման եւ վաղ հայտնաբերման հարցերին: Քաղցկեղի դեմ պայքարի համաշխպարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Առողջության հայ-ամերիկյան կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանն ասաց, որ եթե 10 տարի առաջ Կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշում էր կատարվում յուրաքանչյուր 5-րդ կնոջ մոտ, ապա հիմա՝ յուրաքանչյուր 26-րդ:

«Ես հույս ունեմ, որ այս թիվը հետագայում եւս կաճի: Ներկայիս երկտասարդները մեզանից ավելի ազատ են, եւ նրանք հասկանում են ժամանակակից հետազոտությունների ամբողջ անհրաժեշտությունը: Գլխավոր խնդիրն այն է, որ քաղցկեղային բջիջների ձեւավորման ժամանակաշրջանում ոչ մի ախտանիշ չի դիտվում, եւ մարդիկ մեզ մոտ են գալիս հիմնականում այն ժամանակ, որբ կրծքում ցավ են զգում, իսկ դա արդեն ավելի ուշ փուլ է: Այնպիսի երկրներում, ինչպիսին, օրինակ, Ճապոնիան է, մարդկանց պարտադիր հիշեցնում են ամենամյա հետազոտության մասին: Հենց այս պատճառով զարգացած երկրներում մահացությունը կազմում է 20 տոկոսից պակաս, զարգացման միջին մակարդակով երկրներում՝ 40 տոկոս, իսկ թույլ զարգացած երկրներում՝ 60 տոկոս: Ես կարծում եմ, որ այս թեմայի շուրջ պետք է առավելագույնը հաճախ խոսել, եւ նույնիսկ մարդկանց զզվեցնել, սա կհանգեցնի մահացության եւ ընդհանրապես բարդությունների ցուցանիշների զգալի կրճատման»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը:

Կենտրոնի ուռուցքաբան Հովհաննես Վարդեւյանը հավելեց, որ մարդիկ շատ հաճախ ուշադրություն են դարձնում, ասենք, կրծքում կոշտացման վրա եւ մտածում են, որ «ինքն իրեն կանցնի», սա էլ հենց բարդությունների է բերում: Կանայք 35 տարեկանից հետո պարտադիր պետք է ամեն տարի հետազոտության ենթարկվեն: «Շատ դեպքեր են եղել, երբ ժամանակին հայտնաբերված քաղցկեղային բջիջները հեռացրել են նվազագույն վիրաբուժական միջամտությամբ, նույնիսկ տեղական նարկոզով»,- ասաց նա:

Բժշկի խոսքով՝ ուռուցքային հիվանդությունների կանխարգելման համար շատ մեծ նշանակություն ունի առողջ կենսակերպը, սակայն նույնիսկ առողջ կենսակերպի նորմերին լիովին հետեւող մարդն ապահովագրված չէ եւ պարտադիր պետք է սքրինինգ անցնի:

Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ իրենց Կենտրոնն ամեն ամիս երկրի հեռավոր շրջաններ է մեկնում զննումներ կատարելու, իսկ ապրիլի վերջին այս ոլորտի գերմանացի առաջատար մասնագետների հետ կկազմակերպվի օնկոլոգիայի դեմ պայքարի շաբաթ, որի շրջանակում անվճար վիրահատություններ կկատարվեն:

Հրապարակվեց նաեւ հետազոտության գինը: Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ տարեկան մեկ անգամ պետք է կատարել մամոգրաֆիա եւ սոնոգրաֆիա, որն արժե 20 հազար դրամ: