Այսօր մամուլում տեղեկատվություն էր հրապարակվել, թե իբր «Աստղիկ» ԲԿ-ի աշխատակիցները սոցփաթեթի շահառուներին իրենց հիվանդանոց հրավիրելու համար զանգահարում են եւ ներկայանում առողջապահության նախարարության աշխատակից ու հայտնում, որ պետք է սոցփաթեթի շրջանակում բուժզննում անցնել «Աստղիկ» ԲԿ-ում:

«Դա զրպարտություն է և անհեթեթություն է, ես չգիտեմ ուրիշ ինչ որակում տալ այդ հարապարակմանը: Մենք կարիք չունենք, որ մեր աշխատակիցը զանգահարի մարդկանց և ներկայանա որպես առողջապահության նախարարության աշխատակից»,- NEWS.am Medicine-ի հարցմանն ի պատասխան նշեց «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը:

Ասատուր Ասատրյանն ասաց, որ հիվանդանոցը ծանրաբեռնված աշխատում է,  քանի որ շատ մեծ են կենտրոնում բուժսպասարկում անցնելու ներկայացված հայտերը, պարզապես անտրամաբանական պիտի լիներ այդքան մեծաքանակ հայտերի դեպքում նման պրիմիտիվ գործով զբաղվելը:

Ասատուր Ասատրյանը նշեց, որ այս պահին հիվանդանոցում անգամ մեկ ազատ տեղ չկա.

«Դուք կարող եք գալ և տեսնել , որ մեր հիվանդանոցում անգամ մեկ ազատ տեղ չկա, ինչո՞ւ պետք է զանգենք մարդկանց և ասենք գան մեր հիվանդանոց:

Շատ տխրում եմ, որ ինչ-որ մեկը կա, որ այսքան պրիմիտիվ է մտածում մեր մասին: Իմ կարծիքով խարդախը հենց այդ նյութը գրողն է կամ մեր անունից զանգահարողը»-ամփոփեց խոսքը կենտրոնի տնօրենը: