Չեմ կարող ասել, թե ծխողների եւ թոքերի քաղցկեղով տառապող մարդկանց թիվը վերջին տարիներին չի նվազել, սակայն այդ ուղղությամբ դեռ պետք է աշխատել։ Այս մասին  փետրվարի 3-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է բժիշկ-քիմիաթերապեւտ Լեւոն Բադալյանը։

«Հայաստանը մի երկիր է, որտեղ տղամարդկանց մեծամասնությունը մոլի ծխողներ են, նրանք օրվա ընթացքում ծխում են մեկ, երկու եւ նույնիսկ երեք տուփ սիգարետ։ Մենք՝ օնկոլոգներս նրանց հանդիպում ենք, երբ նրանք արդեն վատ վիճակում են գտնվում, ախտորոշմամբ։ Մեզ մոտ մարդիկ կարծում են, թե հիվանդություններն իրենց կշրջանցեն, իսկ հետո փաստի առաջ են կանգնում»,-ասել է նա։

Լեւոն Բադալյանը նշել է նաեւ, որ միջազգային վիճակագրության տվյալներով՝ թոքերի քաղցկեղով տառապող մարդկանց մոտ 90 տոկոսը ծխողներ են։ «Սա քաղցկեղի եւ ծխելու փոխկապակցվածության անմիջական ապացույցն է։ Մեր բնակչության մեծ մասը վաղուց է ծխում, ինչ-որ մի մասը թողել է ծխելը, սակայն հիվանդության վտանգը նույնպես մեծացել է, ուստի նույնիսկ նախկին ծխողները պետք է ամենամյա սքրինինգ հետազոտություն անցնեն։ Սա քաղցկեղը ժամանակին հայտնաբերելու միակ միջոցն է»,-նշել է նա։

Հարցին, թե ինչպես պետք է թողնել ծխելը՝միանգամից, թե աստիճանաբար, Լեւոն Բադալյանը նշել է, որ դա նշանակություն չունի։ Նա մեջբերել է հոգեբաններին, որոնք նշում են, որ ավելի հեշտ է միանգամից թողնել ծխելը, քան աստիճանաբար նվազեցնել սիգարետների քանակը։ Սակայն շատերը կախվածության պատճառով միանգամից չեն կարողանում թողնել ծխելը։