Լիմֆոստազը, որը նաեւ լիմֆեդեմա է կոչվում, լիմֆատիկ (ավշային) այտուց է՝ շատ տարածված ու ծանր խնդիր, որը զարգանալու եւ պատշաճ բուժման բացակայության դեպքում կարող է բերել սնուցման ծանր խանգարումների, իսկ որոշ դեպքերում՝ չարորակ պրոցեսների: Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց լիմֆոլոգ Անահիտ Պետրոսյանը, այսպիսի այտուցներին բավականին հաճախ են բախվում օնկոհիվանդները վիրաբուժական բուժումից եւ ճառագայթային թերապիայից հետո: Լիմֆատիկ այտուցները կարող են հայտնվել նաեւ որոշ անոթային պաթոլոգիաների եւ վնասվածքների դեպքում:
Ինչպես նշեց մասնագետը՝ լիմֆոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է լիմֆատիկ համակարգը եւ լիմֆատիկ այտուցների դեմ պայքարի մեթոդները, բժշկության մեջ համեմատաբար նոր ուղղություն է: Սակայն արդեն այսօր դրա զինանոցում կան լիմֆատիկ այտուցների բուժման մեծ թվով արդյունավետ մեթոդներ՝ մանուալ լիմֆոդրենաժավորող մերսում, կոմպրեսիոն թերապիա, բանդաժավորում, սարքային պնեւմոկոմպրեսիա եւ այլն: Մասնագետի խոսքով՝ այս բոլոր մեթոդների ներդրումը մեծ ծախսեր չի պահանջում, փոխարենը հիվանդների կյանքի որակի վրա ազդեցությունը կարող է ահռելի լինել:
Ինչպես նշեց Անահիտ Պետրոսյանը, վերջին մի քանի տարիներին լիմֆոլոգիան աշխարհում ակտիվորեն զարգանում է, եւ Հայաստանն աշխատում է հետ չմնալ. հայ մասնագետներին լիմֆատիկ այտուցների բուժման ոլորտի վերջին նորությունները ներկայացնելու համար «Աստղիկ» ԲԿ-ն Երեւանում կազմակերպել է «Լիմֆոլոգիա. Միջազգային բժշկության մեջ զարգացման արդի միտումները» թեմայով սեմինար:
Սեմինարի շրջանակում դասախոսությունները եւ գործնական պարապմունքներն անցկացրել է հայտնի լիմֆոլոգ Օլիվեր Գելտիգը (Գերմանիա): NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա նշեց, որ Գերմանիայում լիմֆատիկ այտուցներին բախվում է օնկոլոգիական հիվանդություններով տառապող հիվանդների մոտ 20 տոկոսը, որոնք վիրաբուժական բուժում եւ ճառագայթային թերապիա են անցել: Հայաստանում այսպիսի բարդություններով հիվանդների թիվն ավելի մեծ է՝ մոտ 40 տոկոս: Բժիշկ Գելտիգի խոսքով՝ վիրաբուժության եւ ճառագայթային թերապիայի զարգացմանը զուգահեռ համանման բարդություններով հիվանդների թիվը կկրճատվի նաեւ Հայաստանում (ավելի խնայող բուժում, փոքրաթիվ բարդություններ): Սակայն անկախ թվից՝ նման հիվանդներին արդյունավետ բուժում է պետք, որը նրանց կազատի վտանգավոր այտուցներից եւ կբարձրացնի նրանց կյանքի որակը:
Ինչպես նշեց մասնագետը՝ Գերմանիայում արդեն մի քանի տարի է, ինչ հաջողությամբ կիրառվում են լիմֆատիկ այտուցների նորագույն մոտեցումները, եւ բուժման 2-3 շաբաթում մասնագետներին հաջողվում է գերազանց արդյունքների հասնել: Հիմա Գելտիգի եւ նրա գործընկերների նպատակն է օգնել Հայաստանում լիմֆոլոգիայի զարգացմանը, որպեսզի հայ հիվանդները եւս կարողանան լավագույն բուժում եւ խնամք ստանալ:
«Աստղիկ» ԲԿ-ն Հայաստանի առաջավոր կլինիկաներից մեկն է, եւ մենք ցանկանում ենք լիմֆոլոգիան ներդնել այստեղ, իսկ այստեղից այս գիտելիքները կարելի է տարածել նաեւ այլ կլինիկաներում,- նշեց բժիշկը:









