Բջջային հեռախոսների ռադիոճառագայթումը կարող է կապված լինել արու առնետների մոտ քաղցկեղի առաջացման հետ: Ամերիկացի գիտնականներն այսպիսի եզրակացության են հանգել Տոքսիկոլոգիայի ազգային ծրագրի շրջանակում, որն անցկացրել են ԱՄՆ Առողջապահության նախարարությունը եւ սոցիալական ծառայությունները: Հետազոտության նախնական արդյունքները հրապարակվել են ծրագրի կայքում, որի գրախոսությունը կանցկացվի մարտին:
Գիտնականները օրական 9-ական ժամ ռադիոճառագայթման ազդեցության են ենթարկել մկների եւ առնետների խմբերին: Ճառագայթման հզորության մակարդակը կազմել է 1,5-ից մինչեւ 6 Վատտ առնետի մեկ կգ զանգվածի վրա եւ 2,5-ից մինչեւ 10 Վատտ մկների մեկ կգ-ի վրա: Կրծողների վրա կատարվող փորձերը տեւել են մինչեւ 2 տարի:
Հետազոտողները արու առնետների մոտ ուռուցքների առաջացում են արձանագրել սրտում նյարդերը շրջապատող հյուսվածքներում: Մկների եւ էգ առնետների մոտ նման արդյունք չի նկատվել: Դրանից բացի, առնետների մոտ դիտվել է կարդիոմիոպատիայի դեպքերի թվի աճ:
«Ռադիոճառագայթման հզորությունը եւ տեւողությունը զգալիորեն մեծ էին, քան նրանք, որոնց ենթարկվում են բջջային հեռախոսներն առավել հաճախ օգտագործող մարդիկ, ըստ որում՝ դրա զդեցությանն է ենթարկվել առնետների ամբողջ մարմինը»,- պարզաբանել է հետազոտության հեղինակներից Ջոն Բուչերը: Նա կոչ է արել փորձի արդյունքները ժամկետից շուտ մարդկանց վրա չտարածել:






