Ճապոնացի գիտնականներն առաջարկել են ճաղատացման դեմ պայքարել քիմիական նյութի միջոցով, որը պարունակվում է կարտոֆիլի ֆրիում: Այս մասին հայտնում է Metro պարբերականը:

Տեխնոլոգիան, որի հեազոտությամբ զբաղվում են Յոկոգամայի համալսարանի մասնագետները, նախատեսում է նոր մազերի աճ ցողունային բջիջների օգնությամբ: Ինչպես պարզել են նոր հետազոտության հեղինակները, նման մոտեցման արդյունավետությունը կարելի է մեծացնել, եթե կիրառվի պոլիդիմեթիլսիլոկսան: Այն ավելացվում է կարտոֆլի ֆրի պատրաստելիս, որ այս գործընթացի ժամանակ յուղը չփրփրակալի:

«Զանգվածային արտադրության բանալին հիմքի նյութերի ընտրությունն էր անոթի համար, որում աճեցնում էինք պարկիկների սաղմերը»,- պարզաբանել է Յոկոգամայի համալսարանի պրոֆեսոր Ձյունձի Ֆուկուդան:

Քիմիական այս նյութի կարեւորագույն հատկություններից մեկն այն է, որ օդը լավ է բաց թողնում: Պոլիդիմեթիլսիլոկսանը սրանով էլ հենց գրավել է գիտնականների ուշադրությունը: Այն ավելացնելով հիմքի նյութով  հատուկ անոթների մեջ, գիտնականները մազի պարկիկներ են ստացել, որոնք ձեւավորումն ավարտել են արդեն լաբորատոր մկներին փոխպատվաստելուց հետո:

Պոլիդիմեթիլսիլոկսանի միջոցով հաջողվել է աճեցնել 5 հազար սաղմ: Դրանք փոխպատվաստել են մկներին, եւ մի քանի օր հետո նրանց մոտ մազափնջեր են աճել: Ֆուկուդայի խոսքով՝ պարկիկները «կրկնում են սովորական մազերի կյանքի ցիկլը»: Նախնական փորձերն ապացուցել են, որ մեթոդը կգործի նաեւ մարդկանց համար: