Հերպեսը տարածված վիրուսային հիվանդութուն է: Ըստ գիտական գրականության՝ կրող է հանդիսանում աշխարհի բնակչության ճնշող մեծամասնությունը: Կարող է ընթանալ պասիվ վիրուսակրությամբ կամ պարբերաբար արտահայտվել` հիմնականում իմուն համակարգի թուլացման ժամանակ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Աստղիկ» ԲԿ-ի մաշկաբան-վեներոլոգ Կարեն Վարդանյանը:
Ըստ նրա, հերպեսները կլինիկորեն դրսեւորվում են փոքր, հեղուկով լցված, խմբավորված բշտիկների ձեւով: Կարող է ուղեկցվել քորի, այրոցի զգացողությունից մինչեւ ցավով: Որոշ ժամանակ անց բշտիկները բացվում են եւ ծածկվում կեղեւով: Հերպեսի լավացումը սովորաբար տեւում է 2-4 շաբաթ՝ առանց սպիներ թողնելու,-ասում է
Փոխանցման մեխանիզմը կոնտակտային է, օրինակ՝ համբույրի միջոցով: Սովորական հերպեսի հարուցիչը HSV-1- ն է, սեռական հերպեսի հարուցչը` HSV-2-ը: Նման տարանջատումը պայմանական է, քանզի HSV-2 կարող է հայտնաբերվել ինպես հարսեռական եւ սեռական հատվածից, այնպես էլ քիթ-շրթունքային եռանկյունու շրջանից: Հերպեսը վարակիչ է բշտիկների փուլից մինչեւ վերքի լավացում: Հիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները, օրինակ՝ սրբիչի եւ անձնական իրերի համատեղ օգտագործումը, նպաստում է վիրուսի տարածմանը:
«Անգամ սուր փուլի բուժումից հետո վիրուսը` ննջող վիճակում, պահպանվում է Ձեր մաշկի նյարդային բջիջներում, եւ կարող է պարբերաբար գլուխ բարձրացնել», - ասաց բժիշկը։
Նա հավելեց, որ կրկնումները պայմանավորված են իմունային համակարգի թուլացմամբ, ինչի համար նպաստող գործոններ են հանդիսանում.
- Վիրուսային այլ ինֆեկցիան եւ/կամ ջերմության բարձրացումը:
- Հորմոնալ փոփոխությունները, օրինակ՝ կապված դաշտանային ցիկլի հետ:
- Սթրեսը:
- Հոգնածությունը:
- Արեւի ճառագայթների կամ քամու ազդեցությունը:
Հակավիրուսային պրեպարատները (տեղային կամ ներքին օգտագործման) կարող են նպաստել հերպեսի լավացման ընթացքի արագացմանը եւ կրկնումների հաճախության նվազմանը:
Հերպեսի ժամանակ առաջացած անհարմարությունները թեթեւացնելու համար Կարեն Վարդանյանը խորհուրդ է տալիս օգտագործել՝
- տեղային հակավիրուսային քսուքներ: Դրանք կարող են կրճատել լավացման տեւողությունը,
- տեղային հակասեպտիկ պարունակող լուծույթների օգտագործում, որը կկանխի երկրորդային ինֆեկցումը եւ կարագացնի լավացումը,
- շրթունքների չորացման դեպքում՝ խոնավացնող կրեմ,
- սառեցնող կոմպրեսը նույնպես կլինի տեղին, որը կնվազեցնի կարմրածությունը, կմեղմի տհաճ զգացողությունները,
- Լիդոկային կամ բենզոկային պարունակող միջոցների կիրառումը ցուցված է արտահայտված ցավի դեպքում:






