Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում անհրաժեշտ են, քանի որ դրանք կարող են դրական ազդեցություն ունենալ ծնելիության ցուցանիշների աճի վրա։ Այսպիսի կարծիք ապրիլի 30-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։

Նա ասաց, որ այն երկրներում, որտեղ կենսաթոշակային խնդիրներ չկան եւ մարդիկ համոզված են, որ թոշակի անցնելուց հետո ապահովված կլինեն, ծնելիության բարձրացում է նկատվում։ Այդ իսկ պատճառով Գարիկ Հայրապետյանը համոզված է, որ Հայաստանի պարագայում կենսաթոշակային բարեփոխումները անհրաժեշտ են։

Ըստ Գարիկ Հայրապետյանի՝ 90-ականների սկզբին աշխատողների եւ չաշխատողների (0-16 տարեկան երեխաների, 60-ից բարձր մարդկանց) հարաբերակցության գործակիցը 8 էր, այսինքն, 1 չաշխատողին հասնում էր 8 աշխատող։ «Այսինքն, 8 աշխատող վճարում էին իրենց հարկերը, որպեսզի 1 չաշխատողի պահեին։ Այսօր այդ գործակիցը 3.8 է, իսկ 15 տարի հետո լինելու է 1.7։ Պատկերացնու՞մ եք, մեր երեխաները ինչքան պետք է վճարեն, որպեսզի մեզ պահեն», - ասաց Գարիկ Հայրապետյանը։

Ինչ վերաբերվում է «պարտադիրին», դա, Գարիկ Հայրապետյանի կարծիքով, նույնպես անհրաժեշտ է, քանի որ մեր երկրում ոչ ոք այնքան գումար չի ստանում, որպեսզի ինքնակամ վճարի կենսաթոշակային ֆոնդին։