ՀՀ կառավարության մարտի 27-ի N375-Ն որոշմամբ` այս տարվա ապրիլի 17-ից սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
Սոցիալական փաթեթի շահառուները բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու նպատակով պետք է հիվանդանոցային բժշկական կազմակերպություն ներկայացնեն անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագիր, անձը հաստատող փաստաթուղթ եւ տվյալ շահառուին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից տրված սահմանված ձեւի ուղեգիր: Հարկ է նշել, որ նախքան հավաստագրերի տրամադրումը, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման համար հիմք է հանդիսանում համապատասխան պետական մարմնի կամ կազմակերպության կողմից տրված տեղեկանքը` սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու վերաբերյալ:
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ հանրապետության տարածքում գործող եւ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ իրականացնող բոլոր բժշկական կազմակերպությունները տեղեկացվել են, որ ապրիլի 17-ից սոցիալական փաթեթի շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը եւ սպասարկումը անհրաժեշտ է կազմակերպել՝ առաջնորդվելով հիշյալ որոշման դրույթներով:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերը նշված որոշման կիրարկումն ապահովելու ուղղությամբ:
Շահագրգիռ անձինք եւ կազմակերպությունները հարցերի դեպքում եւ պարզաբանումներ ստանալու համար կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն` 52 88 72, եւ ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալություն՝ 65-47-11 հեռախոսահամարներով:






