Չինաստանում գրանցվել է թռչնագրիպի H7N4 վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը, հայտնում է Չինաստանի Առողջապահության եւ ծրագրային մանկածնության գործերով պետական կոմիտեն:
Վարակվածը Ցզյանսու նահանգի Չանչժոու գավառի Լիյան շրջանում բնակվող 68-ամյա կին է:
Նշվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին կինը շփվել է կենդանի թռչնի հետ, որից հետո դեկտեմբերի 25-ին նրա մոտ մրսածության հիվանդության ախտանիշներ են հայտնվել: Այս տարվա հունվարի 1-ին նա հիվանդանոց է ընդունվել, որտեղ ախտորոշել են ծանր թոքաբորբ, հունվարի 22-ին կինը բուժհաստատությունից դուրս է գրվել:
Կնոջ անալիզներն ուղարկվել են հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոն, որի մասնագեները պարզել են, որ կինը H7N4 վիրուսով է վարակված: Դրանից հետո տեղական համաճարակաբանները համապատասխան ստուգումներ եւ հետազոտություններ են կատարել, ստուգվել է 28 մարդ, որոնք հիվանդի հետ շփվել էին, նրանց մոտ վարակ չի հայտնաբերվել:
Մասնագետները նահանգի բոլոր բնակիչներին խորհուրդ են տալիս խուսափել ինչպես կենդանի, այնպես էլ սատկած թռչունների հետ շփումներից, թռչնամիս եւ ձու չգնել փողոցային շուկաներում եւ վայրերում, որոնք անհրաժեշտ սանտիրական հավաստագրում չեն անցել:
Չինաստանում թռչնագրիպի վիրուսի առավել տարածված տեսակը H7N9-ն է, որի հետեւանքով 2013 թվականին մահացել է ոչ պակաս, քան 600 մարդ:






