Ամերիկացի գիտնականները պնդում են, որ երկրորդ տիպի շաքարային դիաբետը, որը ինչպես հայտնի է բացասական ազդեցություն ունի ուղեղի վրա, բերում է ուղեղանյութի կորստի:
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) օգտագործելով՝ հետազոտողները 10 տարիների ընթացքում ուսումնասիրել են երկրորդ տիպի շաքարային դիաբետով 614 հիվանդի գլխուղեղի կառուցվածքը: Նրանք հայտնաբերել են, որ երկարատեւ դիաբետը կապված է եղել ուղեղային հյուսվածքի մեծաքանակ կորստի հետ՝ ընդհուպ մինչեւ գլխուղեղի ատրոֆիա, հաղորդում է Fox News-ը:
Հետազոտողները նշել են, որ ծավալի ամենաշատ կրճատվում դիտվում է ուղեղի գորշ նյութում, որտեղ տեղակայված են նյարդաբջիջները: Գորշ նյութի կրճատումը հաճախ դիտվում է որպես նյարդադեգեներատիվ պրոցեսի սկիզբ: Քանի որ նախկինում ցույց էր տրվել, որ երկրորդ տիպի շաքարային դիաբետով հիվանդները Ալցհեյմերի հիվանդության մեծ վտանգ ունեն, արդյունքները ցույց են տալիս, որ ճանաչողական փոփոխությունները կարող են կապված լինել նյարդադեգեներացիայի հետ:
«Մենք չենք պնդում, որ երկրորդ տիպի շաքարային դիաբետով բոլոր հիվանդները պետք է անպայման հիվանդանան Ալցհեյմերի հիվանդությամբ, սակայն նրանցից շատերի մոտ մտածելու եւ ճանաչելու կարողությունը տարիքի հետ թուլանում է, նրանցից ոմանց մոտ դեգեներացիա է սկսվում եւ նույնիսկ Ալցհեյմերի հիվանդություն»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ Նիկ Բրայենը՝ Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանի բժշկական դպրոցից:
Դրանից հետեւում է, որ չափազանց կարեւոր է դիաբետով հիվանդների ճիշտ խնամքը:






