Դեռեւս 2017թ. սեպտեմբերից առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանամերձ համայնքների բնակչությանը խորհրդատվություն եւ բուժօգնություն ցուցաբերելու ծրագիրը։
Կարեւորելով սահմանամերձ համայնքների բնակչության առողջության պահպանումը` նախարարությունը, համագործակցելով մարզպետարանների եւ մայրաքաղաքի տարբեր բժշկական կազմակերպությունների հետ, շարունակում է կազմակերպել նման այցերը։
Սահմանամերձ համայնքների բնակչությանն իրենց բնակավայրերում երկրի առաջատար մասնագետների կողմից ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավման, բուժման շարունակականության ապահովման եւ մասնագիտացված բժշկական օգնության հասանելիության բարձրացման նպատակով նախատեսված աշխատանքները համակարգվել են ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի հանրապետության մի շարք սահմանամերձ համայնքների բնակչության բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու մասին» թիվ 162-Ա հրամանով։ Վերջինիս համաձայն Արարատի, Վայոց ձորի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզպետարաններ են ուղարկվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների, Մ.Հերացու անվան ԵրՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի եւ «Մուրացան» համալսարանական կլինիկաների բժիշկ մասնագետների խմբերի 2018 թվականի այցելությունների ժամանակացույցները։ Մարզպետարաններին առաջարկվել է ցուցաբերել կազմակերպչական աջակցություն` նախապես իրազեկել սահմանամերձ համայնքների բնակչությանը, կազմակերպել խորհրդատվության կարիք ունեցողների ընդգրկումը ծրագրում:
2018 թվականին նախատեսվում են բժիշկ մասնագետների խմբերի առնվազն երկու այցելություն Արարատի, Վայոց ձորի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներ:
Մասնագիտական խմբերը այդ համայնքների բնակչությանը կտրամադրեն մասնագիտական խորհրդատվություն, կիրականացնեն հետազոտություններ եւ, ըստ անհրաժեշտության, ստացիոնար բժշկական օգնության կարիք ունեցողների բուժումը կկազմակերպեն մարզային կամ Երեւանի մասնագիտացված հիվանդանոցներում:






