«Գիլեադ» հայտնի դեղագործական ընկերության ներկայացուցիչների հետ փետրվարի 17–ին կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գիլեադի» վերջին սերնդի հեպաստիտ Ց–ի բուժման համար նախատեսված Հարվոնի դեղի որոշակի քանակի միանվագ ներկրման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Համաձայն հաղորդագրության, նախարար Լեւոն Ալթունյանն այսօր հերթական անգամ ընդունել է «Գիլեադի» բժշկական տնօրեն Այսան Մուրթեզաօղլուին, ԱՊՀ երկրների գործադիր տնօրեն Սերգեյ Պիոնտին եւ պետական մարմինների հետ աշխատանքի գծով տնօրեն Ժիրայր Ռաթեւոսյանին։
Նշվում է, որ Հարվոնին կտրամադրվի մատչելի գնով։ Զուգահեռաբար աշխատանքներ կտարվեն այդ եւ այլ դեղերի գրանցման ուղղությամբ։
Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրին աջակցելու համար եւ նշել, որ հեպատիտ Ց-ով հիվանդների բուժումը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ Այնուհետեւ ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանը ներկայացրել է առաջին 1000 հիվանդի բուժման արդյունքները, որոնք գոհացրել են դեղ արտադրող ընկերության ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ 2017 թվականին իրականացվել է վիրուսային հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի անվճար բուժումը։ Այն հնարավոր դարձավ Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերով նախարարության կողմից Հայաստանին նվիրաբերված 3000 տուփ Սովալդի դեղի օգտագործմամբ։ Այս ծրագիրը կյանքի կոչվեց վերջին տարիներին հայտնաբերված թանակարժեք դեղն արտադրող, ճանաչված «Գիլեադ» կազմակերպության բարի կամքով։
Լեւոն Ալթունյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում հեպատիտ Ց-ի եւ Բ-ի ազգային գրանցամատյան ստեղծելու ուղղությամբ։ Այդ նպատակին է ուղղված հանրապետության մարզերում եւ Երեւանում մեկնարկած սկրինինգային ծրագիրը։ Հասմիկ Ղազինյանի ղեկավարությամբ իրականացվող այս ծրագիրը հնարավորություն կտա գնահատելու երկրում հեպատիտային վարակների տարածվածությունը։ Միաժամանակ, այն կնպաստի վարակի անհայտ աղբյուրների բացահայտմանը եւ դրանց դեմ պայքարին։
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը, «Գիլեադ» ընկերության դեղերի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովմանը վերաբերող եւ այլ հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը։






