Դեղերի մասին նախկին օրենքը եւս թույլ չէր տալիս դեղատոմսային դեղերը դեղատներից առանց դեղատոմսի բաց թողնել: Սակայն 2017 թվականի աշնանը Հայաստանի կառավարության ընդունած նոր կարգի ուժի մեջ մտնելուց հետո դեղատոմսային դեղերի վերահսկողությունը կուժեղանա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Դեղարտադրողների եւ ներմուծողների միության (ԴԱՆՄ) գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:

Նրա խոսքով՝ 2018-ի մարտի 1-ին ուժի մեջ մտնող կարգը մեր իրականության մեջ ոչ մի նոր  բան չի բերի, ուղղակի ավելի կխստանա դեղատոմսային դեղերի վերահսկողությունը. ԱՆ-ում ստեղծում են պետական տեսչության մարմին, որը պետք է վերահսկի դեղատոմսերի եւ դեղատոմսային դեղերի շրջանառությունը:

Սամվել Զաքարյանը հիշեցրեց, որ կառավարությունը հաստատել է դեղատոմսերի տարբեր ձեւեր, այդ թվում՝ բազմակի օգտագործման դեղատոմսեր, որոնք կարելի է օգտագործել 6 ամիս: Այդուհանդերձ, դեռեւս հնարավոր կլինի հաբերը հատով գնել, քանի որ երկրում մեծ թվով մարդիկ կան, որոնք ուղղակի չեն կարող իրենց նշանակված դեղն ամբողջությամբ տուփով գնել:

Զաքարյանի կարծիքով՝ բացառված չէ, որ նոր կարգի պատճառով պոլիկլինիկաներում ավելի մեծ հերթեր գոյանան, քանի որ կմեծանա դեղատոմսի համար այնտեղ դիմողների թիվը: Դրանից բացի, բացառված չէ, որ հիվանդները ստիպված կլինեն իրենց բուժման համար ավելի շատ փող ծախսել, քան նախկինում, քանի որ նրանք չեն կարողանա դեղն ուղղակի դեղատնից գնել՝ ստիպված կլինեն բժշկի մոտ գնալ եւ, հնարավոր է, ինչ-ինչ հետազոտություններ անցնել: Մյուս կողմից՝ ինչպես նշեց ԴԱՆՄ ղեկավարը, սա բխում է իրենց հիվանդների շահերից, քանի որ ինքնաբուժությունը շատ վտանգավոր է:

Սամվել Զաքարյանը նաեւ նշեց, որ էլեկտրոնային առողջապահության ներդրման հետեւանքով դեղերի գները կարող են բարձրանալ կարճ ժամանակահատվածում:

Դրանից բացի, բժիշկն այլեւս չի կարողանա հիվանդին կենկրետ ֆիրմայի դեղ նշանակել (որի հետ, հնարավոր է, պայմանվորվածություն ունի). նա ստիպված կլինի դեղատոմսում գրել ազդող նյութը, իսկ արդեն դեղատանը հիվանդի ընտրությանը կառաջարկեն այդ նյութով տարբեր դեղամիջոցներ:

Սամվել Զաքարյանի խոսքով՝ նոր կարգի ներդրման հիմնական խնդիրն այն է, որ այն մասնավոր հատվածի հետ չեն քննարկել՝ բոլոր որոշումներն ընդունվել են մարդկանց նեղ շրջանակում, որոնք միշտ չէ, որ լավ են պատկերացնում, թե երկրում ինչ է կատարվում:

Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանն ընդունված կառավարության որոշմամբ Հայաստանում 2018-ի մարտի 1-ից ուժի մեջ է մտնում դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգը: Դեղատոմսով առաջին հերթին բաց կթողնեն հակաբիոտիկները, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղամիջոցները: Հուլիսի 1-ից կարգը կտարածվի ներարկման բոլոր դեղամիջոցների վրա: Ամբողջ գործընթացը կավարտվի հոկտեմբերի 1-ին, երբ արդեն դեղատոմսերով բաց թողվող դեղերի ցուցակում ընդգրկված բոլոր դեղերը դեղատոմսով կվաճառվեն: